Հալեպում եւ Դամասկոսի արվարձաններում բախումներ են ընթանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքի մի քանի շրջաններում զինյալներին հետապնդելու ընթացքում սիրիական զինված ուժերը հայտնաբերել են նրանց թաքստոցները: Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները մեծ կորուստներ են կրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական Սանա գործակալությունը, Հալեպի Հանանու Մասաքին թաղամասում ոչնչացվել է զինյալների զենքերով լի մեքենան: Պայքարը շարոնակվել է նաեւ Կուստուլ Հարամի շրջանում եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասի շուկայի մոտ:
Բախումներ են տեղ ունեցել նաեւ Դամասկոսի արվարձաններում, մասնավորապես` Դեր ալ Ասաֆիրի տարածքում, ինչպես նաեւ Իդլեբի, Հոմսի, Դարաայի շրջաններում:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Դամասկոսի հարավում գտնվող Յարմուքի շրջանը, որտեղ մեծ մասամբ պաղեստինցի փախստականներ են բնակվում, ռմբակոծության է ենթարկվել կառավարական ուժերի կողմից, որի հետեւանքով նախնական տեղեկություններով յոթ մարդ է զոհվել, եւս 13-ը վիրավորվել են: Մի քանի ռումբեր ընկել են Սաֆդ եւ Ջաունա փողոցների, ինչպես նաեւ Բասիլ հիվանդանոցի մոտակայքում:
Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների եւ կառավարական ուժերի միջեւ բախումների հետեւանքով 18 մարդ է զոհվել, որոնց թվում` անմեղ քաղաքացիներ, ընդիմադիրներ եւ զինծառայողներ:«Ալ Ջազիրան» եւս տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան 16 մարդ է զոհվել Դամասկոսի հարավում եւ Դեր Զորում:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շուրջ 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի հայեր: