2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին ԱՄՆ-ի գլխավոր թշնամի անվանել կարող Է միայն նա, ով շարունակում Է մտածել «սառը պատերազմի» կատեգորիաներով: Դա, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոտ քաղաքում ընթացող Դեմոկրատական կուսակցության համագումարում: Այդ համաժողովում ԱՄՆ-ի առաջնորդը պաշտոնական համաձայնություն Է տվել որպես դեմոկրատների թեկնածու քվեարկվելու պետության ղեկավարի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում:
Նշելով Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի մոտ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության բնագավառում «ծառայության ցուցակի» բացակայությունը, Օբաման ուշադրություն Է հրավիրել իր մրցակցի վերջերս արած այն պնդումների վրա, թե Ռուսաստանն ԱՄՆ-ի «գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդն Է»: «Դուք ոչ թե «Ալ Քաիդա»-ին, այլ Ռուսաստանին կհամարեք մեր գլխավոր թշնամին, եթե միայն ձեր մտածողությունը լռվել մնացել Է «սառը պատերազմի» ժամանակներում»,-հայտարարել Է Սպիտակ տան տերը:
Նա նաեւ հաստատել Է, որ ճիշտ Է համարում իր ընտրած արտաքին քաղաքականությունը, որը հիմնված Է «հին դաշինքների ամրապնդման եւ նոր կոալիցիաների ստեղծման» վրա: Նրա խոսքով՝ դա, մասնավորապես, հաջողություն Է բերել աշխարհում միջուկային զենքի տարածման դեմ մղվող պայքարում: