Պարույր Հայրիկյանի կարծիքով` բռնապետ Ալիևին անհրաժեշտ է, որ իր երկրում իշխի քրեական մտածելակերպը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը Սաֆարովի ազատ արձակումով ցանկանում է իր իշխանությունն ամրապնդել՝ հենվելով հանցավոր տարրի վրա: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Սա մի ամբողջ հասարակություն քրեական մտածողության հարթություն տեղափոխելու քայլ էր: Ալիևը չէր կարող խորապես մտահոգված լինել այդ ճղճիմ մարդասպանի ճակատագրով: Բռնապետ Ալիևին անհրաժեշտ էր, որ երկրում իշխի քրեական մտածելակերպըե,- «Արմենպրեսե-ի հաղորդմամբ` ասաց նա:
Միաժամանակ, Հայրիկյանի խոսքով, մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը լրացուցիչ հնարավորություններ տվեց հայ-ադրբեջանական պայքարի էությունն աշխարհին ցույց տալու համար: «Սա պայքար է արժեքային համակարգերի միջև: Քաղաքակիրթ աշխարհը պայքարում է բռնապետական սկզբունքներ դավանող ուժերի դեմե,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Հունգարիայի նկատմամբ Հայաստանի քայլերին`բանախոսն անհրաժեշտ համարեց տարանջատել հունգարական պետությունը և ժողովրդին: Նրա կարծիքով` տվյալ իրավիճակում Հունգարիան ևս տուժող կողմ է, քանի որ Ադրբեջանն անտեսել է հունգարական դատարանի վճիռը, որը նաև նրա այդ երկրի բարձրագույն իշխանության որոշումն էր:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: