Ադրբեջանի նախկին դատախազը խոստովանել է, որ փողային գործարքների մեջ են եղել ԽՍՀՄ բանակի հրամանատարների հետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Մուրադ Բաբաեւը, ով աշխատել է այդ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ, հանդես է եկել հետաքրքիր բացահայտումներով: Նա հավանության է արժանացրել Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարելով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, ներում շնորհելու եւ ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշումը, որը խստորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով presspost.az լրատվական կայքը, Բաբաեւն ասել է, որ ինքը դրական է գնահատում Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելը` «անկախ այն բանից, թե դա ինչ ճանապարհով է արվել»:
Ամենազավեշտալին այն է, որ Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ցանկանում էին լուծել փողով: «Ես մշտապես ասել եմ` Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի էր լուծել փողով: Հարցեր կան, որոնց մասին բարձր ձայնով չի լինում խոսել: Մեր ժամանակ այստեղ ՍՍՀՄ բանակն էր: Երբեմն նրանք հարձակվում էին հայկական զինված ուժերի վրա եւ, անհրաժեշտության դեպքում, կոտորում նրանց», -ասել է Ադրբեջանի նախկին դատախազը` անուղղակիորեն խոսոտավանելով, որ ԼՂ դեմ մարտական գործողություններում փողային գործարքներ են ունեցել նախկին ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումների հրամանատարների հետ:
Մարդասպան եւ ոճրագործ Սաֆարովին 2-3 մրդ դոլարի դիմաց ազատելուց ոգեւորված եւ զանգվածային փսիխոզի հասած Ադրբեջանում երեւակայում են, թե կարող են գնել նաեւ սեփական ժողովրդի արյունով ազատություն ձեռք բերած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: