1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում կմրցի Ուզբեկստանի հավաքականի դեմ: Մեր հավաքականն այժմ 11 միավորով զբաղեցնում Է 4-րդ տեղը:
Նախօրեին հայ շախմատիստները 1,5:2,5 հաշվով զիջել էին Չինաստանի թիմին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այժմ 1-ին տեղում ռուս շախմատիստներն են, ովքեր հաղթել են ադրբեջանցիներին եւ վաստակել են 13 միավոր: Չին մարզիկները 12 միավորով զբաղեցնում են 2-րդ, իսկ Ուկրաինայի թիմը` 3-րդ տեղը:
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 7-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթելով Իտալիայի թիմին` կտրուկ բարելավել Է իր դիրքերը եւ այժմ տասը միավորով զբաղեցնում Է 15-րդ տեղը: Մրցաշարի առաջատարներն են` Չինաստանի, Ռուսաստանի եւ Լեհաստանի թիմերն, որոնք վաստակել են 12-ական միավոր: