Լեհաստանի դեսպանությունն աջակցում է Սյունիքի հեռավոր համայնքներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին սեպտեմբերի 1-ին մասնակցել է Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նորոգված դպրոցի վերաբացման արարողությանը: Դեսպանին ուղեկցել է Սյունիքի փոխմարզպետ Աևա Դոլունցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում նորոգվում և վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանականերում, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 25 հազար եվրո:
Այս տարի նորոգվել են դպրոցի հինգ դասարաններ և ուսուցչական սենյակը. Նախորդ տարի նորոգվել և տեխնիկապես վերազինվել էին դպրոցի ևս հինգ դասարաններ: Լեհական օգնության ընդլայնմանը զուգահեռ Հարժիսի դպրոցին շարունակաբար օժանդակություն է տրամադրվելու:
Բացի դրանից, ծրագրի շրջանակներում Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Հարժիս համայնքին նվիրել է կաթի սառեցման կաթսա:
Հարժիս գյուղում լեհական օգնության շրջանակներում իրականացվող մյուս կարեւոր ծրագիրը զբոսաշրջային է: Այս տարի զբոսաշրջային ճանապարհ է կառուցվում գյուղից մինչև Տաթև վանական համալիրը: Հարժիսը Սյունիքի հեռավոր համայնքներից է, որն ունի 831 բնակիչ: Այն Սյունիքի մարզի ամենահինավուրց բնակավայրերից մեկն է: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: