Դամասկոսի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ զինված խմբավորումները Աբու Ռումանա թաղամասի Մահդի բն Բարքա փողոցում պայթյուն են իրականացրել զինվորական գլխավոր շտաբի շենքի մոտակայքում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չորս մարդ է վիրավորվել, զոհեր չկան:
Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սիրիական ազատ բանակի ճյուղ կազմող «Մարգարեի հետնորդներն» իրենց վրա են վերցրել իրականցված պայթյունի պատասխանատվությունը:Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ սեպտեմբերի 2-ին Բաշար ալ Ասադի ուժերը Համայի շրջանում սուննիներով բնակեցված ալ Ֆան գյուղում ավելի քան 25 մարդ են սպանել: Նրանց խոսքով` նույն օրը Հալեպի թաղամասերը, մասնավորապես` Ալ Իզաա, Սախուր, աշ Շաար, Մասաքին Հանանու թաղամասերը եւս ռմբակոծության են ենթարկվել կառավարական ուժերի կողմից, որի հետեւանքով մարդիկ են զոհվել եւ շինություններ են ավերվել:
Իր հերթին Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ ալ Ֆան գյուղում Սիրիայի զինված ուժերը բախումներ են ունեցել զինված խմբավորումների հետ, որոնք հարձակվել էին տեղի բնակիչների վրա: Զինյալները ձերբակալվել են եւ առգրավվել են նրանց զենքերը:
Բացի դրանից, զինված ուժերը Ազիր գյուղի մոտ կանխել են Լիբանանի տարածքից տասնյակ զինյալների ներխուժումը Սիրիա:Զինյալներից շատերը փախուստի են դիմել, կան նաեւ վիրավորներ:
Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ գրեթե 18 ամիս շարունակվող բախումներից անմասն չի մնացել նաեւսիրիահայ համայնքը. բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի սիրիահայեր: