Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանում ծնված առաջին սիրիահայ փոքրիկին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 31-ին այցելեց Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն` տեսակցելու Հայաստանում ծնված առաջին սիրիահայ փոքրիկին եւ նրա մորը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը տեղեկացավ նորածնի եւ նրա մայրիկի առողջական վիճակի մասին եւ նրանց առողջություն մաղթեց: Լրագրողների հետ զրույցում Հրանուշ Հակոբյանը շեշտեց` եթե սիրիահայ այս ընտանիքը ցանկություն հայտնի հաստատվելու Հայաստանում, ապա նախարություն կօգնի նրանց աշխատանք գտնելու հարցում: «Կարծում եմ, երիտասարդ այս ընտանիքը շատ ճիշտ է վարվել, որոշելով իր երկրորդ զավակին Հայաստանում ունենալ: Մենք ուրախ ենք, որ փոքրիկը ծնվել է հենց Հայրենիքում»,-ասաց նախարարը:
Նորածնի մայրիկը` Ալին Ժամկոչյանն իր գոհունակությունը հայտնեց Սփյուռքի նախարարությունից: Նորածին տղան, ում ծնողները Քրիստ են անվանել, ընտանիքի երկրորդ զավակն է: «Առաջին զավակս ծնվել է Սիրիայում: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ Քրիստը կծնվի Հայաստանում: Բայց անչափ գոհ եմ, որ փոքրիկը ծնվեց մեր հայրենիքում»,-ասաց սիրիահայ փոքրիկի մայրը:
Քրիստը ծնվել է այսօր` օգոստոսի 31-ին,«Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Երեխան ծնվել էբնական ճանապարհով, ունի 3,35 կգ քաշ եւ 53 սմ հասակ:


