Քաղաքականություն

Հայաստանի դեսպանը Geopolitica-ում ներկայացրել է ԼՂՀ անկախության ճանաչման անխոցելի իրավական հիմքերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի դեսպանը Geopolitica-ում ներկայացրել է ԼՂՀ անկախության ճանաչման անխոցելի իրավական հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20-րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային և այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին:

Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետևողական քաղաքականության մասին: Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը:

ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին` վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ և տևական հանգուցալուծումից:

Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից` պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մնացորդը` Ադրբեջանին ԼՂ-ի բռնակցմանը, մի կողմից քարոզել ժողովրդավարական արժեքային համակարգ, իսկ մյուս կողմից հավասար նժարի վրա դնել փոքր, սակայն ժողովրդավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի իրավունքները և էներգակիրներով հարուստ, սակայն բռնատիրական, Ադրբեջանի շահերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում