Արցախյան ազատամարտին եւ Պիկասոյին նվիրված քանդակներ կկանգնեցվեն Մարտունիում
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում վեց քանդակագործներ միաժամանակ քանդակներ են կերտում: Մոտ 2.5 մետր բարձրության բազալտե քարերը պատկերներ են դառնում սիմպոզիումին մասնակից արվեստագետների ձեռքերի եւ տաղանդի շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության հանրաճանաչ վեց քանդակագործներ ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամներ Արամայիս Խլղաթյանի, Արտիկ Քոչարյանի, Գարեգին Դավթյանի, Սամվել Մարտիրոսյանի, Արմեն Վարդանյանի եւ Ռաֆիկ Սարգսյանի ստեղծագործական աշխատանքի ընդհանուր վայր է ընտրված Մարտունու Գեղարվեստի դպրոցի բակը:
Արամայիս Խլղաթյանի ստեղծագործության թեման Կատուն է, որը պատկերվում է արթնանալու պահին: Գարեգին Դավթյանը քանդակում է Պիկասոյի հիշատակին նվիրված կոմպոզիցիոն աշխատանք, որում պատկերվում է կնոջ հետ սեր անող Մինոտավրոսը: Սամվել Մարտիրոսյանը քանդակում է մեծ կոմպոզիցիոն աշխատանք՝ երկկողմանի ֆիգուրաներով, ուր մի կողմում պատկերվում է քնած դիցուհի, մյուս կողմում՝ Մուսան խորհրդանշող քանդակագործը: Արմեն Վարդանյանը քանդակում է խայտացող ձկներ: Արտիկ Քոչարյանը քանդակում է գազանին սանձահարող մարդուն, որտեղ պատկերված գազանը խորհրդանշում է մեր «հողի եւ արյան թշնամիներին», իսկ գազանին սանձահարողը՝ Վահագն Վիշապաքաղին: Յուրահատուկ մտահղացում է նաեւ Ռաֆիկ Սարգսյանի քանդակը, որը կրում է «Մարտունեցու Սուրբ Տիրամայր» անունը: Այն, սակայն, չի խորհրդանշում Տիրամայր Մարիամին, այլ՝ աշխատանքային եռուզեռի մեջ գտնվող մարտունեցի գեղջկուհուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քանդակագործության սիմպոզիումի նախաձեռնող խմբի ղեկավար Արամայիս Խլղաթյանը, սիմպոզիումի շրջանակներում մեկ աշխատանք էլ նվիրվելու է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Այն հեղինակելու են Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը եւ Արամայիս Խլղաթյանը: Սիմպոզիումը կավարտվի սեպտեմբերի հինգին, որից հետո ստեղծագործողները ձեռնամուխ կլինեն Արցախյան ազատամարտի մարտունեցի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կերտմանը:
Արվեստի վեց կոթողները կհանգրվանեն Մարտունու Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցներում, Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթողը՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի կողքին: Սիմպոզիումի կազմակերպման եւ անցկացման գործում նյութական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, մարտունեցի բարերար Իշխան Բարսեղյանը, Մարտունու համայնքային միավորումը, այլ կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ: