ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում կրակոցները չեն դադարում. փամփուշտը խոցել է հայկական համայնքի եւս մեկ ներկայացուցչի: Հայաշատ թաղամասի այգում հրազենից մահացել է 76-ամյա Ադելինա Խաչերյանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ հայկական համայնքի ներկայացուցիչը չի եղել նշանառուի թիրախ. նա այգուց հեռու փոխհրաձգության պատահական զոհ է: «Նման դեպքերը հայերի դեմ չեն ուղղված, սակայն հայերն էլ են տուժում ընդհանուր իրավիճակից»,-ասաց Ռեիսյանը:
Նա վստահ է, որ հակամարտությունում բանակի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան զինյալ ապստամբներինը: «Գուշակություններ անել, թե որ կողմը կարող է հաղթանակ տանել, այս պահին ճիշտ չէ, սակայն բանակի մոտ առաջխաղացումը մեծ է, իսկ ընդդիմադիրները փորձում են զանազան հաջողությունների մասին խոսել»,-ընդգծեց Ռեիսյանը: Նրա խոսքով` ծառայությունների մատուցման տեսակետից ամեն բան կարգավորվել է,վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
«Մի պահ լուրջ մտահոգություն կար` կապված էլեկտրականության խափանման հետ, քանի որ քաղաքը մթության մեջ էր, սակայն պետությունը կարողացավ հաղթահարել այդ դժվարությունը` օրվա բոլոր ժամերին ազգաբնակչությանն ապահովելով էլեկտրականությամբ: Վառելանյութի, ինտերնետային ցանցի, հաղորդակցության միջոցների բնականոն վիճակը վերականգնված չէ, եւ կան որոշակի դժվարություններ»,-նշեց առաջնորդարանի մամլո խոսնակը:
Նրա խոսքով` քաղաքի խանութներն ու առեւտրի սրահները բացվում են օրվա որոշակի ժամերին, սակայն ահռելի սղություն կա, որը բնական է նման պայմաններում: Գնաճը բավական անհանգստացնում է բնակիչներին:Ռեիսյանը տեղեկացրեց, որ հերթագոյացումներ են նկատվում միայն հացի խանութներում:
Հալեպահայերի facebook-յան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է:
Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 19 հազար մարդ: Զոհերի թվում 12 հազարից ավելի խաղաղ քաղաքացիներ են: Հայկական համայնքը մեկ տասնյակից ավելի զոհ է տվել, այդ թվում` սիրիական բանակի զինվորներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ պետություններում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: