1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշել է չերկարաձգել Սիրիայում միջազգային դիտորդական առաքելության մանդատը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: «ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքը շարունակելու պայմանները չեն կատարվել»,- նշել է Արոն: Նրա խոսքով` ՄԱԿ-ի ԱԽ-ն սատարել է կոչերին, որպեսզի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը շարունակի աշխատանքը:
Միջազգային դիտորդական առաքելությունը Սիրիա է ուղարկվել ապրիլին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին ժամանակավորապես 30 օրով երկարացրել էր դիտորդների մանդատը Սիրիայում: Հուլիսի վերջին պարզ դարձավ, որ դիտորդների թիվն այդ երկրում կրկնակի կրճատվել է՝ հասնելով 150-ի: