Մարզային

Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքում առողջապահական համակարգի խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքում առողջապահական համակարգի խնդիրներին

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նախարարի առաջին այցը Ճամբարակի բժշկական կենտրոն էր: Ծանոթանալով կենտրոնի շենքային ոչ բավարար պայմաններին ու տեխնիկական հագեցածության խնդիրներին՝ նախարարը բուժաշխատողների հետ հրավիրված հանդիպում-խորհրդակցության ժամանակ խոստացավ, որ հիմնանորոգման եւ վերազինման` մինչ այժմ արդեն քննարկված ծրագիրը կյանքի կկոչվի:

Ըստ նախապես կազմված նախահաշվի՝ բժշկական կենտրոնն ունենալու է 30 մահճակալ, նորոգված եւ վերազինված վիրաբուժական, ինֆեկցիոն, ծննդաբերական, թերապեւտիկ եւ այլ բաժանմունքներ, պոլիկլինիկական ծառայություններ, վիրահատարան, շտապ օգնության ծառայություն: Հիմնանորոգման եւ վերազինման համար պահանջվելու է 250 միլիոն դրամ, որի ձեռքբերման խնդիրը կլուծվի մոտ ժամանակներս:

Մինչեւ 2013 թվականի գարուն արդեն Ճամբարակի բնակչությունը բուժում կարող է ստանալ ամենաբարվոք պայմաններում:

Նախարարն ընդգծեց, որ Ճամբարակը սահմանապահ տարածք է, ինչը պարտադրում է մարդկանց համար ապրելու եւ աշխատելու լավ պայմաններ ստեղծել:

Բուժանձնակազմի անդամներն էլ իրենց հերթին շնորհակալ եղան նախարարին` շեշտելով, որ իրենք չեն մոռացել1992-94 թվականները, երբ Դումանյանն անձամբ իրենց կողքին էր ղեկավարում ռազմաբժշկական գործը եւ մեր մարտիկներին ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Նախարարը նաեւ խոստացավ բուժհաստատության նորոգումից հետո ճամբարակի բժշկական կենտրոն գործուղել նեղ մասնագետների մի խումբ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ արդեն նորոգման ծրագիր է իրականացվում Ճամբարակի խմելու ջրատարի ներքին ցանցում, ընթացքում կհիմնանորոգվեն նաեւ բազմամբակարան մի քանի շենքերի տանիքներ:

Ապա նախարարն այցելեց Ծովագյուղ՝ ծանոթանալու տուլարեմիայի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին: Դումանյանը եղավ նաեւ Սեւան քաղաքի հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում՝ մարզպետի եւ բուհաստատությունների ղեկավարների հետ քննարկելով ընթացիկ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում