Սամվել Բալասանյանն առաջադրվեց Գյումրու քաղաքապետի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգմավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանն առաջադրել է իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, օգոստոսի 5-ին ժամը 13.10-ին մոտ Բալասանյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրված առայժմմիակ թեկնածուն է:

Բաղրամյանը տեղեկացրեց նաեւ, որ Գյումրու ավագանու անդամության ընտրության համար ներկայացվել է անկուսակցական Մխիթար Սահակյանի թեկանծությունը: Ավագանու անդամության թեկնածուները կպայքարեն 21 տեղի համար:

Մինչ այդ իր թեկնածուի մասին էր հայտարարել նաեւ ՀՅ Դաշնակություն կուսակցությունը` մատնանշելով Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին:

Գյումրիի քաղաքապետի եւ ավագանու անդամների` սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը դրված է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վրա:

Այս որոշումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է` հաշվի առնելով այն, որ թիվ 34 ԸԸՀ-ն, ի տարբերություն թիվ 33-ի եւ 35-ի, ընդգրկում է Գյումրիի մեծ մասը եւ ունի ընտրողների համեմատաբար ավելի մեծ թիվ:

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում կգործի ընդհանուր թվով 79 ընտրատեղամաս: Տեղամասային հանձնաժողովները կձեւավորվեն մինչեւ օգոստոսի 10-ը:Գյումրիի քաղաքապետի եւ ավագանու թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանվել է մինչեւ օգոստոսի 10-ը: Թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությանը կհաջորդի դրանց գրանցման գործընթացը: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ից : Ըստ նախնական ցուցակների` Գյումրիում կա շուրջ 125 հազար ընտրող:

Հայերեն Русский