Միջազգային

Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի դիտորդական առաքելության խմբի վրա

3 րոպեի ընթերցում

Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի դիտորդական առաքելության խմբի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության խումբը, որի կազմում եղել է նաեւ առաքելության ղեկավար ռազմական խորհրդական Բաբակար Գայեն, Սիրիայում ենթարկվել է հարձակման: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով The Huffington Post-ը, այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հինգ մեքենաներից բաղկացած խմբի վրա կրակ է բաց թողնվել ավտոմատ զենքից հուլիսի 29-ին` Հոմսից 17 կմ հեռավորության վրա: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության որեւէ անդամ չի տուժել, սակայն փամփուշտները դիպել են մեքենաներից 2-ին:

ՄԱԿ-ի դիտորդները Սիրիա են ժամանել 2012 թ-ի գարնանը, երբ պետք է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի երկրների հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի կողմից մշակած խաղաղության ծրագիրը կյանքի կոչեին: Սակայն, ռազմական գործողությունները դադարեցնելու եւ հումանիտար կազմակերպությունների մուտքը Սիրիա ապահովելու մասին այս ծրագրն այդպես էլ չհաջողվեց իրականացնել:

Հունիսի կեսերին ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքը որոշ ժամանակով Սիրիայում դադարեցվել էր` անվտանգության նկատառումներից ելնելով: Ներկա պահին Սիրիայում գտնվում է 300 դիտորդ, որոնց առաքելության ժամկետը լրանում է օգոստոսին: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն արդեն այս առիթով հայտարարել են, որ նման հանգամանքներում իմաստ չեն տեսնում երկարացնելու դիտորդական առաքելության ժամկետը Սիրիայում, սակայն Ռուսաստանն իր հերթին հուլիսինՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինառաջարկել է երկարացնել ժամկետը 3 ամսով:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների մեջ շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում է նաեւ 7 հայ, որից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ էին: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում