Մարզային

ՀՅԴ-ն առաջադրելու է Գյումրիի քաղաքապետի սեփական թեկնածուին

3 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն առաջադրելու է Գյումրիի քաղաքապետի սեփական թեկնածուին

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է Շիրակի մարզում անցկացվելիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրել Գյումրիի քաղաքապետի սեփական թեկնածուին: Այս մասին հուլիսի 30-ին ՀՅԴ-ի «Շիրակե մարզային կոմիտեում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՅԴ մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը:

Հուլիսի 29-ին «Շիրակե մարզային կոմիտեի ներկայացուցչական ժողովի ժամանակ որպես թեկնածու առաջադրվել է ՀՅԴ Գյումրիի կոմիտեի անդամ Հովսեփ Սիմոնյանը, ում թեկնածությունը նաեւ միաձայն ընդունվել է:

«ՏԻՄ ընտրություններին որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու մենք առաջադրելու ենք Հովսեփ Սիմոնյանին` հաշվի առնելով մեր ընկերոջ փորձառությունը, մինչ օրս վարած պաշտոնները, նրա մտավոր ունակությունները: Ներկայացնելով մեր ծրագիրը եւ դրույթները` փորձելու ենք ոգեշնչել այնպիսի բարոյական բաներ, որ ժողովուրդն ի սրտե քվեարկի մեր թեկնածուի օգտին: Որ ընտրապայքարը կլինի թեժ՝ դա միանշանակ է»,-նշեց Գեւորգ Ալեքյանը:

Հովսեփ Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Շիրակի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Լրագորղների հետ զրույցում, խոսելով ընտրապայքարի մասին, ՀՅԴ թեկնածուն` Հովսեփ Սիմոնյանը, լրագրողներին վստահեցրեց, որ ինքը միայն քաղաքակիրթ ընտրապայքարի կողմնակից է: «Իմ մասով ես կարող եմ երաշխիքներ տալ, որ չի լինելու որեւէ վիրավորանք որեւէ թեկնածուի նկատմամբ: Ես պատրաստ եմ եւ ի վիճակի եմ ցանկացած թեկնածուի քաղաքակիրթ ձեւով հարցեր ուղղելու եւ հարցերին պատասխանելու: Մենք հաստատ գնալու ենք մինչեւ վերջ: Այս անգամ ես բացառում եմ ինքնաբացարկը, այն ինչ եղավ 2005 թվականին: Այս անգամ մեզ որեւէ բան չի կարող հետ պահել պայքարից»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Ընտրվելու դեպքում Սիմոնյանը խոստանում է առաջին հերթին փոխել քաղաքի մթնոլորտը: «Առանց դրա, հավատացեք, ինչպիսի ծրագիր էլ ներկայացվի` դրական արդյունք չի տաե,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Գյումրիից բացի, ՀՅԴ մարզային կոմիտեն պատրաստվում է համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրել մարզի եւս 11 համայնքում: Ի դեպ` եթե Գյումրիում, Ախուրյանում, Կրաշենում, Կամոյում, Մեղրաշատում, Աղվորիկում, Թավշուտում, Հարթաշենում, Գուսանագյուղում, Հայկասարում եւ Գետափում կուսակցությունը պատրաստվում է առաջադրել ՀՅԴ ներկայացուցչի, ապա Սարատակում կսատարի անկուսակցական թեկնածուի:

«Կուսակցությունը շատ լուրջ մասնակցություն է ունենալու ՏԻՄ ընտրություններին»,-վստահեցրին մարզային կոմիտեի ներկայացուցիչները:

ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեն կառաջադրի նաեւ Գյումրու ավագանու իր թեկնածուին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում