Միջազգային

Պայքարը Հալեպի համար շարունակվում է

4 րոպեի ընթերցում

Պայքարը Հալեպի համար շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ե'ւ կառավարական, ե'ւ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց վերահսկողության տակ են վերցնել Հալեպի հարավ-արեւելքում գտնվող Սալահ Էլ Դին թաղամասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, քաղաքում շարունակվում են ընթանալ թեժ մարտերը: Գրոհայինները դեռեւս հուլիսի 20-ին վերահսկողության տակ էին վերցրել քաղաքի մի քանի թաղամասեր: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն այդ օրերին մեղադրում էր Քաթարին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային եւ մի շարք այլ երկրներին, որոնք խանգարում են Սիրիայում բախումների դադարեցմանը` օգնելով գրոհայիններին զինամթերքով:

Համաձայն «Ֆրանսպրես» գործակալության` հուլիսի 30-ին սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպի հյուսիս-արեւմտյան հատվածում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Անադանի անցակետը: Գրոհային ուժերի ղեկավար, գեներալ Աբդել Նասերի խոսքով` անցակետի գրավումը թույլ կտա վերահսկել քաղաքից դեպի Թուրքիայի սահմանը տանող ճանապարհը: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը նշում է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմն Իրանի իր գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիաեն մուտք գործում Թուրքիայից:«Սիրիայում ձերբակալված ահաբեկիչները` լիբիացիներ, թունիսցիներ, եգիպտացիներ են: Նրանց մեջ կան նաև Ալ-Քաիդայի անդամներ: Բոլոր այս ահաբեկիչները Սիրիա են ներխուժել Թուրքիայից»,- հայտարարել է Մուալեմը:

«Ֆրանսպրես»-ը նաեւ հաղորդում է, որ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավար Վալերի Ամոսը հուլիսի 29-ին հայտարարել է, որ կառավարական ուժերի` հուլիսի 28-ին հակագրոհ իրականացման հետեւանքովգրեթե 200 հազար մարդ է լքել Հալեպը: Ամոսն իր մտահոգությունն է հայտնել նաեւ սիրիական կառավարության կողմից կիրառվող հրետանիների, տանկերի եւ այլ զինամթերքի օգտագործման առնչությամբ:

Սիրիայի հայ համանքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած Հալեպում լարված իրավիճակին, բարեբախտաբար, հայաբնակ թաղամասերը չեն հայտնվել գրոհի կենտրոնում: Ներկայում Հալեպի երեք թաղամասերում` Սալահ Էլ Դինում, Ալսախուրում եւ Ալ Հայդարիայում բախումները շարունակվում են: Էլմաջյանի խոսքով, ընդդիմության հետ կան նաեւ օտարերկրացի զինյալներ:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայ, որոնցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում