1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիացի զինված ընդդիմադիրները ղեկավարվում են Թուրքիայից: Ադանայում հատուկ շտաբ է ստեղծվել Սիրիայում Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրներին ղեկավարելու համար», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Անգլիական լրատվական գործակալությունը նշում է, որ այս տեղեկությունը հայտնել է Դոհայում գտնվող իր հավաստի աղբյուրը, որի հաղորդմամբ` Ադանայի շտաբը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, եւ որ այդ կառույցին մասնակցում են նաեւ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Դամասկոսում Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ընդդիմադիրների իրագործած ահաբեկչական ակտը, որի հետեւանքով սպանվել են Սիրիայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, եւս ղեկավարվել է Ադանայի շտաբից:
Թուրքիան ավելի վաղ հերքել է սիրիացի ընդդիմադիրներին զենք վաճառելու եւ Դամասկոսում ռմբային հարձակման մեջ դեր ունենալու մասին պնդումները: