Քաղաքականություն

Հայաստանի հետ «լավ առաջընթաց», իսկ Ադրբեջանի հետ «բանակցությունները դեռ ընթացքի մեջ են». Արևելյան գործընկերության գնահատականները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ «լավ առաջընթաց», իսկ Ադրբեջանի հետ «բանակցությունները դեռ ընթացքի մեջ են». Արևելյան գործընկերության գնահատականները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հուլիսի 23-ին կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն ընդունել է ինը կետից բաղկացած եզրակացություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամուլի կենտրոնից, նիստին ներկա են գտնվել մի շարք եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես Եվրոպական Հանձնաժողովը ներկայացրել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Արևելյան գործընկերության անդամ երկրները ներկայացրել են Հայաստանի,ՈՒկրաինայիև Բելառուսիարտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Կոնստանտին Գրիշչենկոն և Սերգեյ Մարտինովը: Ադրբեջանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամմադ-Գուլիևը, իսկ Վրաստանը և Մոլդովան` փոխվարչապետեր Գիորգի Բարամիձեն և Յուրիե Լեանսան: Նիստը նախագահել է Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստի ավարտին ընդունվել է մինչև 2013թ-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի «ճանապարհային քարտեզը»:

Մինչդեռ նախարարական եզրակացություններում անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակներում յուրաքանչյուր երկրի արձանագրած առաջընթացին: Մասնավորապես վեցերորդ կետում նշվում է, որ ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններում լավ արդյունքներ է արձանագրել ՈՒկրաինան, ով ավարտին է հասցրել Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ բանակցությունները: «Միևնույն համաձայնագրերի շուրջ Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ բանակցություններում լավ առաջընթաց է արձանագրվել, իսկ Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»,- նշվում է եզրակացության մեջ:

Շեշտվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ ընթանում են վիզաների դյուրացման և ռեադմիսսիայի շուրջ բանակցությունները, նմանատիպ առաջարկ արվել է նաև Բելառուսին:

Նիստի մասնակիցները ողջունել են նաև Արևելյան գործընկերության Ինտեգրման և համագործակցության շրջանակներում հավելյալ 130 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորման տրամադրումը, որը պետք է ուղղվի Արևելյան գործընկեր երկրներում ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում