ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազգային անվտանգության շենքի մոտակայքումհուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դամասկոսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, Դամասկոսում հսկողությունն ավելի է ուժեղացել, սակայն ողջ օրվա ընթացքում արվարձաններից լսելի են շարունակվող բախումների, պայթյունների ձայները:
Էլմաջյանի խոսքով` տեղի ունեցող պայքարը որոշիչ եւ վերջնական փուլում է եւ մեկ-երկու օրվա ընթացքում պատկերն ավելի պարզ կլինի: Ինչ վերաբերվում է տարբեր լրատվամիջոցների կողմից տարածած լուրերին, թե նախագահական նստավայրը պաշարման մեջ է, իրականությանը չեն համապատասխանում:
Բախումների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել, կան մեծ թվով ձերբակալվածներ, որոնք սիրիացիներ չեն:
Դամասկոսի կենտրոնում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, հուլիսի 18-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվել են նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ահաբեկչության հետեւանքով զոհվել են Սիրիայի Պաշտպանության նախարար Դաուդ Աբդ Ալլահ Ռաջհանը եւ Պաշտպանության փոխնախարար Աասիֆ Շաուքաթը, իսկ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները ծանր վիրավորվել են:
Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ միջազգային լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունները ևս իրարամերժ:Reutersգործակալությունը գրում է, որ ընդդիմարդիրները շարունակում են ճնշում գործադրել նախագահ Ասադի վրա եւ փորձում են գրավել նախագահական պալատը, ինչպես նաեւ կառավարական այլ կառույցներ:
Համաձայն ընդդիմադիր աղբյուրների` վերջին բախումներից եւ սպանություններից հետո երկրի առաջնորդը տեղափոխվել է Լաթաքիա քաղաք եւ դեռեւս մի քանի օր էլ պետք է մնա այնտեղ: Հուլիսի 19-ին տեղեկություն էր տարածվել նաեւ, որ Բաշար ալ Ասադի կինը ժամանել է Մոսկվա` ելնելով անվտանգության նկատառումներից: Սակայն, Մոսկվայում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիյադ Հադադը նույն օրը հերքել է այդ լուրը: «Ասադի կինը ներկա պահին գտնվում է ամուսնու կողքին` Դամասկոսում: Նա իր ընտանիքի հետ է»,-նշել է դեսպանը«Interfax»գործակալության հետ զրույցում` նաեւ շեշտելով այն, որ երկրի նախագահը եւս Դամասկոսում է եւ չի լքլել մայրաքաղաքը: Համաձայն սիրիական«Sana»պաշտոնական լրատվական գործակալության` իրավիճակն այնքան էլ արյունալի չէ, որքան ներկայացվում է միջազգային լրատվամիջոցների կողմից:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ 6 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: