3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ հուլիսի 14-ին` Ծաղկաձորում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ պարգեւատրեց հաղթողներին:«Լավագույն մարզական ընտանիք 2012» մրցույթն անցկացվել է երեք տարիքային խմբերով, որոնք ընդգրկում են 6-8, 9-11, 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը աստիճանաբար ավելի զանգվածային է դառնում. եթե նախորդ տարիներին մասնակցում էին մի քանի տասնյակ, ապա այս տարի խոսքը գնում է հազարավոր ընտանիքների մասին:«Մեր նպատակն է, որ 100 հազարավոր ընտանիքներ զբաղվեն սպորտով: Այս մրցույթը նպաստում է ընտանեկան համերաշխությանը, որն օգնում է հաղթահարելու կյանքի դժվարությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` մրցույթի միջոցով զարգանում է նաեւ առողջ հասարակությունը:
«Լավագույն մարզական ընտանիք 2012» մրցույթի եզրափակիչ փուլում առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար ընտանիքները պարգեւատրվեցին երեք տարիքային խմբերում:Առաջին տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Հովակիմյանների ընտանիքը Արարատի մարզից, երկրորդ տեղը` Աբրահամյանների ընտանիքը` Արագածոտնից, եւ երրորդ տեղը` Ջուհարյանների ընտանիքը` Շիրակի մարզից:Երկրորդ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Մարտիրոսյանների ընտանիքը Երեւանից, երկրորդ տեղը` Ալեքսանյանները Շիրակից, երրորդ տեղը` Սողոմոնյանների ընտանիքը Վայոց ձորից:Երրորդ տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրին Խաչատրյանները Լոռու մարզից, երկրորդ տեղը` Եղյանները Կոտայքից, երրորդ հորիզոնականում հաղթող ընտանիք ճանաչվեցին Սանթրոսյանները Երեւանից:
Առաջին հորիզոնականի համար Նախագահը պարգեւատրեց 500 հազար, երկրորդ տեղի համար` 400 հազար, եւ երրորդ տեղի համար` 300 հազար դրամով: 108 ընտանիքներ պարգեւատրվեցին մարզահագուստներով եւ հուշանվերներով:«Լավագույն մարզական ընտանիք 2012» մրցույթի բյուջեն 69 միլիոն դրամ է:
Մրցումներն անցկացվում են վեց մարզաձեւերում` թենիսի գնդակի նետում, բասկետբոլի գնդակի նետում, պարանի ձգում, 30մ խաղային փոխանցումավազք, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ:Մրցույթն անցկացվում է ՀՀ տարբեր մարզերի եւ ԼՂ ընտանիքների միջեւ (հայրը, մայրը եւ երեխան` անկախ սեռից):«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվում է 9-րդ անգամ: