Մարզային

Վարդան Ղուկասյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

2 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին կրկին շեշտեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: «Ինչպես այսօր, այդպես էլ մինչեւ թեկնածուների առաջադրման վերջին օրը մենք կպնդենք Վարդան Ղուկասյանի առաջադրման փաստը: Մենք չենք ընկրկելու եւ բացարձակ հիմքեր էլ չկան դրա համար: Ինչպես հայտարարել ենք, այդպես էլ հայտարարում ենք՝ գնում ենք ընտրությունների եւ գիտենք, որ մեր հետեւում կանգնած է ժողովուրդը, ով միշտ ընտրել է Վարդան Ղուկասյանին»,-նշեց Աղեկյանը: Այսքան տարիների ղեկավարումը փաստում է, որ նա ժողովրդական մարդ է, քաղաքը կառուցող, խնդիրներից չթաքնվող, խնդիրներն առաջ քաշող եւ լուծող:

Մամլո խոսնակը նաեւ ավելացրեց, որ քաղաքապետը դեռ անելիքներ ունի եւ ծրագրերը կիսատ չի թողնի: Խոսելով այս օրերին Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունների մասին` Աղեկյանը նշեց, որ դա որոշ «պարապ» մարդկանց երեւակայության արդյունքն է: «Մեր՝ Ղուկասյանի թիմի արած գործն ակնառու է. 14 տարի գյումրեցիների վստահությունը շահած մարդը, ղեկավարելով քաղաքը, ինչպե՞ս կարող է չառաջադրել իր թեկնածությունը: Չգիտեմ դա ում պատվիրված տեղեկատվությունն է, որ պարբերաբար դրվում է շրջանառության մեջ, բայց միանշանակ է, որ գնալու ենք ընտրություններին»,-ասաց Աղեկյանը:

Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու` շրջանառվում են մի քանի անուններ, եւ մամուլի քարտուղարը դա շատ բնական է համարում: «Շատ-շատերը հայտ կներկայացնեն կառուցված եւ վերածնված այս քաղաքն այժմ ղեկավարելու, բայց նաեւ այդ համատեքստում պետք է մտածել, որ այն մարդը, ով մեծ ջանքեր է գործադրել քաղաքը վերածնելու չի կարող չառաջադրվել եւ իր ծրագրերը վերջնական ավարտին չհասցնել»,-ավելացրեց Աղեկյանը:

Գյումրու քաղաքապետի ընտրությունները ծրագրված են սեպտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում