ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում կներկայացվի Էդուարդ Համբարձումյանի «Առնո» ֆիլմը: Ռուսաստանի արտադրության լիամետրաժ վավերագրականը պատմում է նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսորը նշեց, որ ժապավենը պատկերում է այն վայրերը, որտեղ ապրել, սովորել եւ ստեղծագործել է արվեստագետը: «Նրա որդին` Արա Բաբաջանյանը, մի շարք հետաքրքիր եւ զվարճալի պատմություններ է պատմում: Բաբաջանյանի մասին հուշեր են պատմում նաեւ Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Եվտուշենկոն, Իոսիֆ Կոբզոնը, Ներսես Հովհաննիսյանը, Էդուարդ Միրզոյանը եւ Ալեքսանդր Հարությունյանը»,- ասաց նա: Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ ֆիլմը նկարահանելուց առաջ մտավախություններ է ունեցել, քանի որ Առնո Բաբաջանյանի մասին նկարահանված շատ ֆիլմեր կան, սակայն որոշել է նոր տեսանկյունից մոտենալ, չանել հերթական կենսագրական ֆիլմ: «Առնո Բաբաջանյանը միշտ ասում էր` Մոսկվայում բնակվում եմ, սակայն ապրում եմ Երեւանում: Նույն իրավիճակում էլ ես եմ: Ֆիլմն այն մարդու մասին է, ով ինչքան էլ հաջողություն ունեցավ, մնաց հայ, նվիրյալ ընկեր»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմը ռուսերենով է, քանի որ նկարահանվել է ռուսալեզու հայկական հեռուստաընկերության տեխնիկական բազայի հիման վրա, իսկ նպատակը ոչ միայն հայերին ներկայացնելն է, այլ նաեւ` օտարերկրացիներին: Էդուարդ Համբարձումյանը խոստացավ, որ ֆիլմը կունենա նաեւ հայերեն տարբերակ: Նրա կարծիքով` տաղանդավոր, հայ դասականների մասին ֆիլմերը շատ են սիրվում հանդիսատեսի կողմից: «Շատ բարի ֆիլմ է, լի է ծիծաղելի, հումորային պատմություններով: Սա փորձ էր Առնոյին բացահայտելու մեկ այլ տեսանկյունից»,- ասաց նա:
Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: