Բիբլոս քաղաքի աշակերտները Լիբանանում ներկայացրել են Հայաստանի մշակույթը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լիբանանում հուլիսի 4-ինՀՀ դեսպանություն են այցելել Բիբլոս քաղաքի Frères Maristes Jbeil դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, ովքեր հաղթող են ճանաչվել Լիբանանի ամերիկյան համալսարանում ամեն տարի կազմակերպվող ՄԱԿ-ի մոդել ավանդական միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի միջոցառմանը մասնակցել են Լիբանանի 120 դպրոցներ, որոնցից Frères Maristes Jbeil դպրոցը ներկայացրել է Հայաստանը ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Դպրոցի աշակերտներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտներին և կազմակերպիչների կողմից արժանացել 6 տարբեր մրցանակների: Միջոցառման երկրորդ մասում, որը կոչվում էր «Համընդհանուր ավան», դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի մշակույթը: Միջոցառման շրջանակներում աշակերտների նախաձեռնությամբ բացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշամատյանում իրենց ստորագրությունն ու ուղերձն են թողել միջոցառման բազմաթիվ մասնակիցներ: Հուշամատյանը հանդիպման ժամանակ փոխանցվել է ՀՀ դեսպանին:
Դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է աշակերտեներին միջոցառմանը մասնակցելու և հաղթելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: