Մարզային

ՀՀ Սյունիքի մարզի եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի միջեւստորագրվել է համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ Սյունիքի մարզի եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի միջեւստորագրվել է համագործակցության հուշագիր

ԿԱՊԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐևՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա աշխատանքային այցով հունիսի 28-29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մասնավորապես, Սյունիքի մարզպետն այցելել է Քաշաթաղի շրջան եւ վարչակազմի ղեկավարի հետ քննարկել հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա կոնկրետ ծրագրերը:

Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ՀՀ Սյունիքի մարզի եւ ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի միջեւ հետագա համագործակցության խորացման նպատակով հունիսի 28-ին Բերձոր քաղաքում ստորագրվել է հուշագիր: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել խորացնելու եւ ընդլայնելու առկա համագործացկությունը, կազմակերպելու փորձի փոխանակում վարչարարության, գյուղատնտեսության զարգացման, կրթամշակութային, սպորտի, տուրիզմի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում ու կենսագործունեության մյուս բնագավառներում:

Համաձայն 2012թ. փոխայցելությունների ու նախատեսված միջոցառումների ժամանակացույցի` ծրագրվում է թատերական կոլեկտիվների փոխայցելություններ, ուխտագնացություններ դեպի Սյունիքի մարզի եւ ԼՂՀ պատմամշակութային հուշարձաններ, «Սյունիք. ուսանողական ամառ-2012» փառատոնին ԼՂՀ ուսանողական պատվիրակության ներգրավվում, տոնական օրերին համատեղ միջոցառումների կազմակերպում, արվեստի, մանկավարժական, աշակերտական կոլետիվների փոխայցելություններ: Նախատեսվում է նաեւ Սյունիքի բուժհաստատությունների ուժերով Քաշաթաղի շրջանում շարունակել կազմակերպել «Բաց դռների օր» միջոցառումը, ինչպես նաեւ` պետպատվերի շրջանակներում մարզի բժշկական կենտրոններում ԼՂՀ-ից ժամանած հիվանդների ստացիոնար բուժման կազմակերպումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում