Քաղաքականություն

Հայաստանը շահագրգիռ է օր առաջ Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատմամբ. Հրանուշ Հակոբյան

8 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգիռ է օր առաջ Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատմամբ. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում ստեղծված իրավիճակի եւ տեղի հայկական համայնքի խնդիրների մասին հարցազրույց է տվել «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթին: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ:

-Տիկին Հակոբյան, վերջին շրջանում Սիրիայում իրավիճակը սրվել է, և շատերն են փորձում խոսել սիրիահայերի մասին: Ինչպիսի՞ պատկեր է համայնքում:

-Անշուշտ, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բոլորը խիստ մտահոգ են Սիրիայում ստեղծված իրավիճակով: Մենք շահագրգռված ենք, որ օր առաջ Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատվի:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Սիրիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ, հիմնականում Հալեպում, Կամըշլիում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում, Տարտուսում: Հալեպի հայ համայնքը համարվում է մայր գաղութ, այնտեղ գործում են մեր ավանդական կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, հայ եկեղեցու թեմերը, բազմաթիվ բարեգործական, երիտասարդական, կանանց և այլ կազմակերպություններ: Մեր դպրոցները, մշակութային կենտրոնները, թերթերը, կառույցները մեծ աշխատանք են տանում հայ ինքնության, հայկական արժեքների պահպանման համար:

-Երկքաղաքացիության ինստիտուտից օգտվու՞մ են արդյոք սիրիահայերը:

-Մենք ոգևորում, խրախուսում ենք մեր հայրենակիցներին երկքաղաքացի դառնալու համար: Եթե համեմատելու լինենք 2009 և 2012 թվականները, ապա երկքաղաքացիություն ձեռք բերողների թիվը քառապատկվել է: Այդպիսի միտում նկատվում է նաև սիրիահայերի շրջանում: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները վկայում են, որ 2012թ. Սիրիայից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը կտրուկ ավելացել է: Վերջին տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում շուրջ 2700 սիրիահայ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

ՀՀ սփյուռքի նախարարությունը, համագործակցելով ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության հետ, իրականացնում է Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների հաշվառում` նպատակ ունենալով ճշտել յուրաքանչյուր անձի և ընտանիքի կարիքները:

-Ինչպիսի՞ կապեր կան, և ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Սիրիայի հայ համայնքի հետ:

-Վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են մեր կապերը Սիրիայի հայ համայնքի հետ: Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են Հայաստանում կազմակերպված տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված ձեռնարկներին: Միայն վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1000 սիրիահայ մասնակցել է այդ միջոցառումներին:

ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար հավաքում է տեղեկություններ համայնքում տիրող իրավիճակի մասին, կապի մեջ է մեր դիվանագետների, համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ: Նախարարությունում միշտ հանդիպումներ են տեղի ունենում Սիրիայից ժամանած հայերի և այն սիրիահայերի հետ, ովքեր հաստատվել են Հայաստանում, մենք նաև նրանցից օպերատիվ և ճշգրիտ տեղեկություններ ենք ստանում: Գիտենք մեր հայրենակիցների տրամադրությունները, մտահոգությունները:

Պետք է նշեմ, որ ներկայումս շարունակվում են համայնքային կառույցների հետ մեր ծրագրային աշխատանքները, և կարող եմ ասել, որ նրանք նույն ակտիվությամբ մասնակցում են այս տարվա ծրագրերին, ձեռնարկներին:

Այսպես` ԵՊՀ-ի բազայի վրա իր աշխատանքները սկսած «Սփյուռք» ամառային դպրոցի ունկնդիրների մեջ ունենք սիրիահայեր: «Արի տուն» ծրագրին արդեն մասնակցել են սիրիահայ երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցին մասնակցելու է 6 հոգի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ժամանելու է շուրջ 100 մարդ՝ 2 պարային խումբ, հուլիսի սկզբին, որոնց համերգները կազմակերպվելու են Հայաստանում և Արցախում:

-Ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

-Դուք հավանաբար հիշում եք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը սիրիահայ համայնքի խնդիրների հետ կապված դեռևս ս.թ. փետրվարին Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր պարոն Վ. Հովհաննիսյանի հարցին` ասաց. «Բնականաբար այս հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի տակ ենք պահում խնդիրը՝ կապ պահպանելով մեր դիվանագիտական բոլոր խողովակներով, ինչպես նաև աշխատելով համայնքի հետ: Եվ, բնականաբար, առաջին հերթին մեզ մտահոգում է հենց հայ համայնքի անվտանգության խնդիրը: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր հնարավոր միջոցները մենք կօգտագործենք, որպեսզի առավել օգտակար լինենք այս գործում մեր հայրենակիցներին»:

Վարչապետի այս տեսակետը ուղենիշ է և ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը և այլ կառույցներին՝ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ուշադրության կետրոնում խնդրո առարկան պահելու համար: Հասկանալի է, որ մեր աշխատանքների մի մասը նաև հրապարակային բնույթ չի կրում, իսկ թերթերում կոչերով դիմողներին, մանավանդ այս հարցը քաղաքան նպատակներով շահարկողներին ասենք, որ մենք այդ հարցերին վաղուց անդրադարձել ենք: Պետք է հաշվի առնել, որ ստեղծված ծանր իրավիճակում մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ: Նրանք ծնվել և տասնյակ տարիների ապրել են այդ երկրում, ունեն տուն, ունեցվածք, բարեկամներ և բիզնես, և այսօր ծանր ու թեթև են անում՝ ամեն ինչ նորից սկսելու համար:

Ինչպես հայտնի է, ՀՀ դեսպանությունը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, ամեն օր զբաղվում են սիրիահայերի խնդիրներով և ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ նրանց օգնություն տրամադրելու համար:

Սփյուռքի նախարարությունը դեռևս անցյալ տարի, հաշվի առնելով արաբական հեղափոխության շղթան, պատվիրել էր ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտին համալիր հետազոտության և վերլուծության ենթարկել Սիրիայի հիմնախնդիրը, և այսօր հրապարակի վրա է նաև «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գրքույկը, որն արտահայտում է նաև մեր գիտնականների տեսակետը: Մենք հաճախ ենք հանդիպում գիտնականներին, մասնագետներին և հաշվի ենք առնում նրանց կարծիքը տարածաշրջանին առնչվող աշխատանքներ կազմակերպելիս:

Այսօր ոչ մեծ թվով սիրիահայեր են, որ եկել են Հայաստան և փորձում են հաստատվել հայրենիքում, և մենք, մյուս գերատեսչությունների հետ սերտ համագործակցված, օգնում ենք նրանց ինտեգրվելու հայաստանյան իրականությանը:Մի խումբ սիրիահայեր վերջին հանդիպման ժամանակ մտահոգված էին միայն երեխաների արևելահայերենի ուսուցման խնդրով, որն էլ մենք Երևանի քաղաքապետի հետ անմիջապես լուծեցինք՝ ստեղծելով արագացված ուսուցման դասընթացեր:

Հանդիպել ենք նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Դամյու Դեսալեյնեի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայից փախստականների առկայության դեպքում ձեռնարկել միջոցներ` աջակցելու նրանց՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Սիրիահայերի կողմից Հայաստանում բնակվելու ցանկության դեպքում կառավարության համապատասխան կառույցները պատրաստ են օժանդակելու նրանց Հայստանում հաստատվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում