ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցները թյուր տեղեկություն են տարածել, որ Արաբական Միացյալ էմիրությունների հրուշակեղենի գործարանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը, որի քաշը գերազանցում է 350 կլիոգրամը: Շոկոլադը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Դրանով իսկ լրատվամիջոցներն անտեսել են այն փաստը, որ2010թ. հոկտեմբերի 16-ին «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադե սալիկի քաշը 4 տոննա 410 կգ է, պատրաստվել է չորս օրում:Շոկոլադե սալիկը պատրաստվել էր«Գրանդ Քենդի»-ի ստեղծման10-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական Սանա գործակալությունը, Սույիթ Ուիֆ գործարանի աշխատակիցները նշել են, որ շոկոլադե սալիկը կազմված է 14 հազար 6 հարյուր սեւ եւ սպիտակ շոկոլադե կտորներից, որի պատրաստման համար պահանջվել է 100 ժամ:
Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ տարբեր ազգությունների պատկանող ավելի քան 20 խոհարարներ օգնել են պատրաստել շոկոլադը 4 օրվա ընթացքում` առանց դադարեցնելու աշխատանքները: Արժեքը կազմում է 75 միլիոն դիրհամ, որը մոտավորապես կազմում է 20.4 հազար դոլար: Շոկոլադի երկարությունը եւ լայնությունը 365 սանտիմետր է, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 13.36 քառակուսի մետր:
Հատկանշական է, որ սիրիական Սանա գործակալությունն իր կայքում շոկոլադի վերաբերյալ նյութի մեջ տեղադրել է«Գրանդ Քենդիի» շոկոլադե սալիկի լուսանկարը, սակայն համաշխարհային ռեկորդ է համարել ԱՄԷ-ում պատրաստվածը: