Պետբյուջեի միջոցներով հիմնանորգվում է Նռնաձորի ճանապարհը
2 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մեղրիի Նռնաձոր գյուղը արտաքին աշխարհի հետ կապող 2 կմ 246 մ երկարության ճանապարհը: Աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Մեղրու ճանշին ձեռնարկություն» ՍՊԸ-ն: Ընկերությունը հանձն է առել աշխատանքները կատարել նախատեսված 180 մլն դրամի փոխարեն 160 մլն դրամով: Աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն կատարված են. ավարտին են մոտենում հողային աշխատանքները, որից հետո կսկսվի ծածկի կառուցումը: «Կատարում ենք ճանապարհի բարեկարգում, լայնացում եւ մանգաղաթե (ավազակոպիճ) ծածկի փռում: Սա ճանապարհաշինական նոր, համեմատաբար ավելի էժան տեխնոլոգիա է, որը ասֆալտ չէ, սակայն անարգել երթեւեկություն է ապահովում ցանկացած տիպի տրասպորտային միջոցի համար: Գյուղի հին ճանապարհի համեմատ բարեկարգված ճանապարհը կլինի երկկողմանի երթեւեկելի, համեմատաբար մեղմ կլինեն երկայնական թեքությունները», - «Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը:
Ապրիլի վերջից սկսված ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսի վերջին: Ամռան այս ամիսներին ընկերությունը զբաղված է նաեւ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի ընթացիկ պահպանության աշխատանքներով: Քաջարանից մինչեւ Մեղրիի մաքսակետ ընկած ճանապարհահատվածում իրականացնում է փոսային նորոգման, կառուցվածքների ու հողային առուների մաքրման, ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ: Ըստ Ազատ Գասպարյանի, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի իրենց կողմից սպասարկվող հատվածը վերջին անգամ հիմնանորգվել է 1997թ-ին, եւ այսօր այն կառուցվածքային որոշ փոփոխությունների կարիք ունի: Մասնավորապես` կան հատվածներ, որոնք լայնացման խնդիր ունեն եւ այսօրվա մեքենաների համար անհարմարություններ են ստեղծում, կան երկայնական թեքություններ, որ պետք է մեղմվեն եւ այլն: Ընկերությունը անցած տարվանից ՊՆ պատվերով Ագարակում իրականացնում է նաեւ թրթուրավոր եւ անվավոր տեխնիկայի հավաքակայանի շինարարությունը, որ նախատեսված է ավարտել 2013 թվականին: