Քաղաքականություն

Գորիկ Հակոբյան. «Վարդան Օսկանյանը շեղում է հանրության ուշադրությունը և փորձում ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»»

4 րոպեի ընթերցում

Գորիկ Հակոբյան. «Վարդան Օսկանյանը շեղում է հանրության ուշադրությունը և փորձում ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթվա ընթացքում լրատվության միջոցների և հանրության ուշադրության կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցաքննությունն է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության կողմից հարուցված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու կամ, այլ կերպ ասած, փողերի լվացման գործի շրջանակներում: Այս առթիվ «Արմենպրես»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանից:

-Պարոն Հակոբյան, որոշ լրատվամիջոցներ ծառայելով տարբեր քաղաքական նպատակների, սույն փաստը որակեցին որպես քաղաքական պատվեր:

-Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել և շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո:

-Վարդան Օսկանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հարուցված քրեական գործի շրջանակներում հրաժարվեցին ցուցմունքներ տալուց:

-Հարցաքննության ընթացքում նրանց առջև հարուցված քրեական գործի վերաբերյալ կոնկրետ հարցեր դրվեցին, որից հետո նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց: Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյոք տարօրինակ չէ, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության և օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի որպես կանոն գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետևանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում՝ կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց և այս կերպ խուսափել պատասխանատվությունից:

-Ձեր կարծիքով, որն է պարոն Օսկանյանի նման մարտավարության պատճառը:

-Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից և ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Այլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որևէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների և այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթասը»: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից:

Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որևէ մեկի ցանկությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում