ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հունիսի 12-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծել է նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Գուտյերեսը նշել է իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատել է գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: