Հարցազրույց

Լեւոն Իշտոյանը հավատում է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական օրվան

7 րոպեի ընթերցում

Լեւոն Իշտոյանը հավատում է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական օրվան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանը սպասում է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական օրվան: Նա հավատում է` տղաները մեծ հաջողություններ են գրանցելու հայկական ֆուտբոլում: Վերջինիս ներկա մակարդակի եւ հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցեց լեգենդար ֆուտբոլիստի հետ:

-Այսօր` «Արարատ 73»-ից մոտ քառասուն տարի անց, ափսոսու՞մ եք ինչ-որ բանի համար:

-Ափսոսում եմ, որ այսօր մեր տղաներից շատերը չեն աշխատում: Հեռացած ընկերներ էլ կան (Աստված հոգիները լուսավորի): Մենք միասին մեր ժողովրդին ուրախացրինք: Հիմա էլ առանձնացած ու ցրված ենք: Ժամանակին ուզում էինք «Արարատ» ակումբ հիմնել, սակայն չստացվեց:

Այսօր, երբ նայում եմ եվրոպական ֆուտբոլը ու տեսնում եմ վետերաններին իրենց թիմերի կողքին, ափսոսում եմ, որ մենք մեր տղաների կողքին չենք: Ամեն ինչ խառնվեց, եւ մեզ չպահեցին իրենց կողքին: Ցավոք, մենք չունենք հանդիպման օր: Եղել եմ Հայրենիքում միայն «Արարատ 73»-ի մեծարման ժամանակ եւ Նիկիտա Սիմոնյանի հոբելյանը նշելիս: Տարիներ առաջ ներկա եղա նաեւ Հայաստանի անկախության տոնին` Վազգեն Սարգսյանի հրավերով: Վազգենը մեծ պլաններ ուներ ֆուտբոլի զարգացման համար. հուսով եմ, որ մեր տղաները կիրականացնեն դրանք:

-«Արարատ 73»-ը Խորհրդային Հայաստանի «ոսկետառ» էջն է: Ինչպե՞ս եք «ընթերցում» այդ էջը, ո՞ր պահը երբեք չեք մոռանում:

-Ես, իհարկե, երբեւէ չեմ մոռանում ամենագեղեցիկ պահը, երբ հաղթեցինք Կիեւի «Դինամո»-ին: Հիմա էլ, երբ ապրում եմ այդ պահը, անկեղծ ասած, մոռանում եմ, թե որտեղ եմ եւ քանի տարեկան եմ: Այդ օրը քառասուն հազար հայ էր եկել Մոսկվա: Մենք, կարծես, բեմի վրա էինք: Ֆուտբոլի դաշտը մեր բեմն էր: Մենք ներկայացում խաղացինք:

-Ի՞նչն է պակասում այսօրվա հայկական ֆուտբոլին:

-Քսան տարի է` անկախ ենք: Մեզանից, ով քսան տարի առաջ կմտածեր, որ Ֆուտբոլի ազգային հավաքական կունենանք: Դժվարությունները հիմա շատ են: «Արարատ 73»-ն էր ազգային հավաքականը, խաղացողներն էլ բոլորը հայաստանցիներ էին:

Հիմա ֆուտբոլիստներին վաճառում ու գնում են: Նույնիսկ հաղթանակներն ու պարտություններն են գնում: Չեմ կարող մեղադրել, որովհետեւ ամեն ինչ դրված է փողի վրա: Մի պարզ օրինակ բերեմ. տարիներ առաջ մենք խաղացինք անգլիական «Վեստերն Յունայթեդ»-ի հետ: Պարտվեցինք, հիմա չկա այդ ակումբը, որովհետեւ դրամ չունեն, չեն կարողանում թիմը պահել: Դրամ ունեցող ակումբներն ավելի կայուն թիմեր ունեն:

Խորհրդային Միության ժամանակ ուկրաինական եւ ռուսական հնգական ակումբներ կային: Մենք մեկն էինք եւ հավասարը հավասարին խաղում էինք:

Այսօր մեր ֆուտբոլիստների համար լավ պայմաններ կան, եւ տղաներն էլ պատվախնդրությամբ խաղում են: Փորձառության պակաս կա: Աշխատասիրություն նրանք ունեն: Հավատում եմ, որ իրենց հաղթական օրն էլ կգա:

-Օվկիանոսից այն կողմ ինչպե՞ս եք երկրպագում մեր տղաներին: Բացականչությունները հայերե՞ն են լինում:

-Բացականչությունները միայն հայերեն են լինում: Կարծում եմ` բոլոր ազգերն էլ ուրախության ու տխրության բացականչությունները մայրենի լեզվով են ասում:

-Ձեր ժամանակի եւ այսօրվա ֆուտբոլի մեջ որո՞նք են նմանություններն ու տարբերությունները:

-Տարբերությունները շատ են. տղաները հասկացել են, որ շատ պետք է աշխատեն: Եվ դա արդեն փորձում են անել: Գիտեք` ամեն չորս տարին մեկ նորություններ են լինում (խոսքը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների մասին է –Հ.Վ.): Մարզիչները մշակում են թեորիան, իսկ դա պետք է հասկանալի լինի ֆուտբոլիստիներին, որպեսզի կարողանան դրանք դաշտում կիրառել: Առանց դրա գրագետ ֆուտբոլ չի լինում:

-Հայաստանյան թիմերից որի՞ն եք երկրպագում:

-Ճիշտն ասած, բոլորին լավ չեմ տեսել: Խաղում են նրանք, ովքեր ծնվել են իմ բացակայության ժամանակ: Ուզում եմ կարեւոր մի բան ասել` ֆուտբոլիստի լավ խաղալը նաեւ մարզասերներից է գալիս: Երբ խաղի ժամանակ ոգեւորում են ֆուտբոլիստին, նա ցանկանում է առավելագույնն անել: «Փյունիկ»-ին եմ ծանոթ, լավ տղաներ կան: Բայց այսօր նրանք ավելի մեծ փորձ ձեռք կբերեն, եթե դրսում շատ խաղեր անցկացնեն: Դաշտում էլ են սովորում: Հաջողություն եմ մաղթում եւ որպես երկրպագու, եւ որպես արհեստավարժ ֆուտբոլիստ: Ուզում եմ իրենք էլ ինձ ուրախացնեն:

-Լեւոն Իշտոյանն ու՞նի իր սիրելի ֆուտբոլիստն աշխարհում եւ հայկական ֆուտբոլում:

-Աշխարհում Պելեն է: Բայց ես Գարինչայից խաբսեր եմ սովորել: Երկուսս էլ աջ եզրային խաղացող էինք: 1971 թվականին ԽՍՀՄ հավաքականի հետ Չիլիում էինք: Մեզ տարան նաեւ Բրազիլիա: «Մարականա»-ում ներկա եղանք, թե ինչպես էին բրազիլացիները ճանապարհում Գարինչային: 200 հազարանոց մարզադաշտը ոտքի էր կանգնել եւ ծափահարում էր նրան: Մեզ մոտ նստած էին նրա կինը եւ յոթ աղջիկները: Ընտանիքը հուզվել էր այդ մեծարումից:

-Կարոտում ե՞ք Հայաստանը եւ, հատկապես, ի՞նչը:

-23 տարի է, որ Հայաստանում չեմ: Իմ կենսագրության պայծառ օրերը մնացել են Հայաստանում: Ես դրանք չեմ կարող մոռանալ: Դեռ լսում եմ մեր երկրպագուների ձայները, նույնիսկ այն ոստիկանի ձայնը, որ կանգնեցնում էր մեքենան եւ ասում «ընկեր Իշտոյան ինչով օգնեմ»: Երբ մենակ եմ լինում, մտքով Հայաստանում եմ:

-Միացյալ Նահանգներում դուք ստեղծել եք Ձեր դպրոցը, Ձեր թոռնիկները պարապու՞մ են Ձեզ մոտ: Նրանցից նոր Լեւոն Իշտոյան կծնվի՞:

-Մեր ակադեմիայում մարզվում են մոտ հարյուր երեխաներ` տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ընդունում ենք հինգ տարեկանից մինչեւ 14 տարեկանը: Այստեղ ավելի շատ զբաղմունքի համար են գալիս: Ծնողները բերում են նրանց` ավելի շատ հսկողությամբ սպորտով մարզվելու համար: Այստեղ չկան բակային մարզադաշտեր, որտեղ երեխաները կարողանան խաղալ, զբաղվել: Այդպիսի տեղեր միայն ծնողների հետ պետք է գնան, իսկ ծնողներն էլ ամեն օր ժամանակ չունեն դրա համար:

Ունեմ երկու աղջիկ եւ վեց թոռնիկ: Փոքր թոռնիկս, ճիշտ է անունը Լեւոն չէ (Քրիստափոր է), բայց համոզված եմ, որ ֆուտբոլիստ կդառնա:

Հարցազրույգը` Վարվառա Հայրապետյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում