Հայաստանի մշակույթի նախարարի ամենացանկալի նվերը ծաղիկն է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան մի շարք մասնագիտական ոլորտներ եւ ղեկավար պաշտոններ, որտեղ եթե միանգամից չենք բացառում, ապա գոնե դժվարությամբ ենք համակերպվում կնոջ ներկայության հետ: Այդպիսին է համարվում նաեւ նախարարի պաշտոնը: Հետաքրքիր պարադոքս է առաջանում. մշակութային գործունեությունը «վստահում ենք» կնոջը, իսկ ահա այդ ամենը ղեկավարողի կին լինելու հանգամանքին դժվար ենք համակերպվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

- Տիկին Պողոսյան, Դուք ղեկավարում եք կարեւոր գերատեսչություն.դժվար չէ,արդյոք, կնոջ համար իրականացնել այդ ամենը:

Ծավալի առումով իհարկե բարդ է, սակայն ես առաջնորդվում եմ մի սկզբունքով` ղեկավարում եմ նույն ձեւաչափով, ինչ ընտանիքս: Սկզբում անաղմուկ փորձում եմ առաջացած հարցերն ու խնդիրները կարգավորել, բայց հետո տարին մեկ անգամ ասում եմ վճռական խոսքս: Երբ բոլոր ձեւերը սպառում ես, պետք է որոշումը կտրուկ ընդունես, որը միշտ դժվար է: Պատճառն այն է, որ կտրուկ որոշումը մեկին դուր է գալիս, մեծ մասին, որպես կանոն`ոչ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում են դժվարություններ եւ բարդություններ: Ինձ համար չափազանց կարեւոր է, որ իմ արածի նկատմամբ լինեմ վստահ` հակառակ դեպքում իմ գործը հաջողություն չի ունենա:

- Մենք կնոջը բնութագրում ենք որպես թույլ սեռի ներկայացուցիչներ: Համամիտ եք, արդյոք, այդ բնութագրմանը:

Թույլ հասկացողությունը միշտ չի, որ բացասական երանգ ունի: Տվյալ դեպքում, դա ավելի շատ կանանց ցանկությունն է այդպիսին լինել, քան իրականության մեջ դա կա: Յուրաքանչյուր կին ուզում է իրեն թույլ զգալ իրենից ավելի ամուր տղամարդու կողքին: Այդ բառակապակցությունը մենք ավելի շատ օգտագործում ենք ցանկության իմաստով, քան իրականության մեջ կա: Բայց չպետք է իհարկե մոռանալ, որ հաճախ կանայք ստիպված են լինում վերցնել շատ պարտականություններ եւ պատասխանատվություն իրենց ուսերի վրա, որն իրականություն դարձնելու համար կամք եւ ուժ է պետք: Թեպետ ես չեմ համարում, որ դա առօրյա սովորական վիճակ պետք է դառնա:

-Մեկ այլ բնութագրման համաձայն` տղամարդը տան գլուխն է, իսկ կինը` պարանոցը: Շատ իրավունքնե՞ր կան հայ կնոջ ձեռքում:

Իրականում, եթե անկեղծ լինենք, շատ: Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, թե տղամարդն ընտանիք ունի, թե չէ: Բայց, իմ կարծիքով` դա աշխատանքի ընդունելու, կարեւորագույն աշխատանք վստահելու նախապայման է: Եթե ընտանիքում չկան նորմալ, դասավորված հարաբերություններ, ավելի մեծ ձեւաչափի խնդիրներ չէին կարողանա լուծել:

-Ինչպիսի՞ն է Հասմիկ Պողոսյանը տանը եւ դրսում: Շա՞տ է տարբերվում իրարից:

Ամբողջովին տարբեր մարդիկ են: Անգամ նույնականացնելն է շատ դժվար: Ընտանիքից ես շատ բան եմ վերցնում, քանի որ ընտանիքը տալիս է ուժ, հավատ, հնարավորություն: Թեեւ տանը չենք քննարկում պետական գործեր, բայց ընտանիքիս անդամներն ապահովում են օբյեկտիվ կողմնակի կարծիքը լսելու հնարավորությունը, որն ինձ շատ է օգնում: Ես էլ փորձում եմ նրանց ընդառաջ գնալ եւ այն քիչ րոպեները, որ ես ազատ ունենում եմ, երբեք չեմ հանգստանում: Ինձ մոտ չի գործում այն սկզբունքը, որ ես նախարար կին եմ, եւ պետք է բոլորը ինձ սպասարկեն: Ես փորձում եմ այնպես անել, որ ընտանիքս չզգա, որ հոգնած կին ու մայր է եկել տուն: Իհարկե, չեմ կարող ասել, որ դա ինձ մոտ լիարժեքորեն ստացվում է, բայց, համենայն դեպս, փորձում եմ: Փորձում եմ ավելի խաղաղ լինել ու ավելի շատ լսել նրանց:

-Եթե հնարավորություն ունենայիք, կյանքի ո՞ր շրջանը հետ կբերեիք:

Իհարկե երիտասարդությունս եւ այն շրջանը, երբ մայրս իմ կողքին էր: Այդ օղակն իմ կյանքում շատ երկարատեւ բացակայում է: Կարոտում եմ այն կյանքը, որն անցկացրել եմ, երբ նա կողքիս էր: Ես իմ կյանքի ընթացքում ընդհանուր առմամբ երջանիկ եմ եղել. հետաքրքիր են եղել դպրոցական եւ ուսանողական տարիներս:

- Տոնական տրամադրություն է իշխում ամբողջ քաղաքում: Ինչքանո՞վ է փոխվում Ձեր ինքնազգացողությունը:

Եթե անկեղծ, ես ոչ մի տարբերություն չեմ զգում, քանի որ մեկամսյակի գաղափարախոսությունը, որպես այդպիսին, չեմ ընդունում: Հետո ի՞նչ, իսկ ի՞նչ էր մի ամսից առաջ, մի ամսից հետո: Ես կուզենայի, որ կնոջ նկատմամբ հարգանքը միշտ լիներ` անկախ պայմաններից, անկախ ամիսներից: Բնականաբար տարվա մեջ ինչ-որ օրեր կնոջ համար պետք է տոնական լինեն, որոնց մեջ է նաեւ մարտի 8-ը: Կնոջը միշտ ուշադրությունը հաճելի է:

- Ինչպիսի՞ նվերներ է սիրում ստանալ Մշակույթի նախարարը:

Ինձ համար ամենաթանկ նվերը ծաղիկն է: Ես միշտ կատակով նշում եմ, որ միշտ արթնանում ու քնում եմ բույսերի հետ: Նրանք ինձ համար առանձին կյանք ու աշխարհ են: Ծաղիկները կյանքը շատ են ուրախացնում եւ պայծառացնում: Նույնիսկ եթե մարտի 8-ին ունենամ 15 կամ 20 ծաղկեփունջ եւ եթե անհրաժեշտ լինի մեկին ծաղիկ նվիրել, երբեք իմ ծաղիկը չեմ տա, այլ նորը կգնեմ: Եթե պիտանի եւ հետաքրքիր բան եմ նվեր ստանում, ուրախանում եմ: Բայց չեմ սիրում, որ հանկարծ նվեր ես ստանում ու չես իմանում ինչ անել: Չեմ սիրում նաեւ նվերը վերանվիրել:

-Ծաղիկների մասին իր վերաբերմունքն էր արտահայտում մասնագիտությամբ կենսաբանը, թե՞ մշակույթի նախարարը:

Իմ կարծիքով` ծաղիկ ստանալ բոլորն էլ սիրում են: Միգուցե, մասնագիտությունն էլ այստեղ նշանակություն ունի, քանի որ մեզ սովորեցնում էին, որ պետք է ներդաշնակ լինենք բնության հետ:

-Ո՞րը կլինի Ձեր շնորհավորական խոսքը:

Ցանկանում եմ, որ հայ կանայք միշտ խաղաղ լինեն եւ իրենց ժպիտը չլինի արհեստական, այլ` անկեղծ: Երբ կինը բնական ժպտում է, մոլորակը խնդիրներ չի ունենում: Ցանկանում եմ, որ մայրերը ոչ մի դառնություն չտեսնեն: Կինը իր դերակատարությունը չթերագնահատի` անկախ նրանից տանն է, թե ղեկավարի պաշտոնում:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն Русский