ՀՀ վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ բաց և արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների արդյունքներն այն փաստի վկայությունն են, որ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը լի է հասարակության հետագա վերափոխման և երկրի արդիականացման ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ ներուժով և վճռականությամբ:
Համոզված եմ նաև, որ մեր պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կստանա` զարգանալով մեր տնտեսությունների հետագա ինտեգրման ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին և սրընթաց փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան:
Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, նախանշված բոլոր գաղափարների իրականացում և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու և դժվարին պաշտոնում»: