Բուլղարացի դիվանագետը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացում է կանխատեսում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսմանական լծից ազատման եւ Բուլղարիայի պետության վերականգման» տոնը` մարտի 3-ը, անմասն չէ նաեւ հայկական տոնացույցից: 1878 թվականի մարտի 3-ին Բուլղարիան, ազատագրվելով թուրքական 500-ամյա լծից, վերածնվեց Եվրոպայի քարտեզի վրա: Հայկական մշակութային կապերի ընկերությունում (ԱՕԿՍ) Բուլղարիայի դեսպանատան հետ համատեղ ամեն տարի գարնան առաջին օրերին նշվում է Բուլղարիայի ազգային տոնը:Տոնի առիթվ` հայ-բուլղարական հարաբերությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ-ում Բուլղարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Աթանասով Կարաստամատովի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք հայ-բուլղարակաան դիվանագիտական հարաբերություններն անցած 20 տարիների կտրվածքով:
- Բուլղարիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական կապեր հաստատեց նրա հետ: Մեր համագործակցությունը բավականին ակտիվ կերպով է ընթացել: Երկու երկրների միջև կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր: Հայաստանի անկախացումից հետո վերանայվել եւ թարմացվել է ողջ իրավապայմանագրային բազան:
- Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս համատեքստում Բուլղարիան, որպես միության անդամ պետություն, ինչպե՞ս կարող է օժանդակել մեր երկրին:
- 2007 թվականից Բուլղարիան Եվրոպական միության անդամ է: Մեր երկիրը նույնպես անցել է մի ժամանակահատված, երբ տարիներ շարունակ ուսումնասիրվում էր Եվրամիության օրենսդրությունը և այդ համատեքստում բարեփոխվում մեր սեփականը:
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ բանակցություններն ընթանում են Միության բոլոր պատվիրակությունների մասնակցությամբ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք ազդելու տարբեր որոշումներ կայացելու գործընթացներում:
-Հատկապես ո՞ր ոլորտներում է երկու երկրների համագործակցությունը առավել սերտ:
- Ամենաակտիվ համագործակցությունն ընթանքում է մշակույթի եւ կրթության ոլորտներում: Համատեղ իրակացանցնում ենք ուսանողների փոխանակման բազմաթիվ ծրագեր: Ամեն տարի 4-5 հայ ուսանող կրթություն է ստանում Բուլղարիայում: Պետք է նշեմ, որ մեր քաղաքական համագործակցությունն այնքան ակտիվ չէ, որքան նախկինում: Սակայն արդեն իսկ առկա են դրական ազդանշանները: Հուսով եմ, որ այս տարվանից քաղաքական համագործակցությունը եւս նոր թափ կստանա:
-Ըստ Ձեզ, ի՞նչով էր պայմանավորված «ոչ ակտիվ» քաղաքական համագործակցությունը:
- Հստակ պատճառներ չեմ կարող նշել, սակայն հնարավոր է, որ դա պայմանավորված է զբաղվածությամբ, քանի որ այլ պատճառներ չկան: Հայաստանի եւ Բուլղարիայի դիվանագիտական հարաբերությունները երբեւէ անկում չեն ապրել: Նման բան չի լինի նաև ապագայում:
- Բացի պատմական հայտնի իրադարձություններից, ի՞նչն է կապում հայ եւ բուլղարացի ժողովուրդներին:
- Մենք ունենք շատ նման պատմություն: Բուլղարիան եւ Հայաստանը այն եզակի երկրներից են, որոնք ունեն սեփական գիր, ինչը վկայում է, որ մեր երկրներն ունեցել են իրենց ներդրումը համաշխարհային մշակույթի գանձարանում: Դա հպարտանալու առիթ է երկու երկրների ժողովուրդների համար:
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում Հայաստանում:
- Իմ ողջ գիտակցական կյանքում, երբ սկսեցի աշխատել արտասահմանում, սերտ կապեր ձեւավորվեցին Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դժվար է թվարկել, քանի որ շատ բան է ինձ կապում Հայաստանի հետ: Ես աշխատում եմ հինավուրց պատմություն ունեցող մի այնպիսի երկրում, որին դեռ մինչեւ վերջ չեմ ծանոթացել: Հայաստանում շատ տեսարժան բաներ կան, այդ թվում Մատենադարանը, եւ այլ գեղատեսիլ վայրեր: Եթե հորիզոնականներով դասակարգեմ ապա առաջին տեղում բնականաբար հայ ժողովրդի ջերմությունն է, հոգեւոր արժեքները, որոնք շատ նման է բուլղարացի ժողովրդին:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի