Փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել Իջեւանի ավագանիում խնդիրները լուծելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը փետրվարի 28-ին Տավուշի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությանը քննարկվել են գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ կապված հարցեր: Խորհրդակցությունն անցկացվել է մարզպետարանի աշխատակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել փաթեթի վերաբերյալ` անդրադառնալով հիմնական նպատակներին եւ պարզաբանելով, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվում սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը:

Մասնավորապես` հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը, առաջարկվում է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը զրոյացնել հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած ապառքները: Իսկ 2008թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար հարկային արտոնություններ են սահմանվում:

Հաջորդ ուղղությունները վերաբերելու են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը եւ համայնքի ղեկավարի պատասխանատվության մեծացմանը, որոնց լուծում է տրվելու մեկ այլ փաթեթով:

Խորհրդակցության մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական համարելով մոտեցումները` առաջարկություններ են ներկայացրել արտոնություններից օգտվողների շրջանակը հստակեցնելու, դրանք իրավաբանական անձանց եւ մինչեւ 2008թ. հունվարի 1-ը խոշոր ապառքներ ունեցող ֆիզիկական անձանց վրա չտարածելու վերաբերյալ: Առաջարկ է եղել նաեւ հողի հարկի դեպքում եւս կիրառելի դարձնել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի համայնքի ավագանին կարող է գույքահարկի գծով արտոնություն սահմանել` տվյալ տարվա համար այդ հարկատեսակի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով:

Փոխվարչապետը խոստացել է, որ առաջարկությունները կուսումնասիրվեն Ազգային ժողովում քննարկումների ժամանակ:

Քննարկվել են նաեւ ընթացիկ խնդիրներ, մասնավորապես` անդրադարձ է եղել հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացման, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը Տավուշի մարզպետի եւ Իջեւանի քաղաքապետի հետ քննարկել է տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Ավագանու անդամների մի մասը չի մասնակցում նիստերին, ինչի պատճառով քվորում չի ապահովվում, եւ առայժմ չի հաստատվել համայնքի բյուջեն:Փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու եւ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Քաղաքապետը տեղեկացրել է, որ համայնքային բոլոր հաստատությունները բնականոն գործում են, բնակչության համար խնդիրներ չեն առաջանում: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` բյուջեն կատարվում է ըստ նախորդ տարվա համամասնությունների, եւ հունվարի կատարողականը կազմել է 105 տոկոս:

Հայերեն Русский