Սերժ Սարգսյանը պետական մրցանակներ հանձնեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին տեղի ունեցավ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մրցանակների հանձնման վերաբերյալ հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ-ի վերջին:

Գրականության և արվեստի բնագավառում մրցանակներ հանձնվեցին երեք ոլորտներում: Գրականության և հրապարակախոսության ոլորտում մրցանակ հանձնվեց Հովհաննես Գրիգորյանին՝ «Երբեք չմեռնես- ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար: Երաժշտության ոլորտում մրցանակ ստացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար:

Թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում մրցանակների արժանացան բեմադրող հեղինակ Արմեն Խանդիկյանը, նկարչության ձևավորման և զգեստների հեղինակ Կարեն Գրիգորյանը, դերասաններ Գրիգոր Գաբրիելյանը, Արթուր ՈՒթմազյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

Բացի այդ, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում մրցանակների արժանացան Էդուարդ Ղազարյանը, Հայկ Սարգսյանը և Կարեն Դվոյանը՝ «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 մլն դրամի չափով:

ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների, գյուտերի և աշխատանքների հեղինակներին: Նման մրցանակներ շնորհվում են երկու տարին մեկ անգամ:

Հայերեն English Русский