Գորիսի քաղաքապետարանն ամրապնդում է արտաքին կապերը
2 րոպեի ընթերցում
ԳՈՐԻՍ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի քաղաքապետարանում տարեսկզբից գործում է արտաքին կապերի խորհուրդ, որի նպատակն է համակարգել եւ ամրապնդել համագործակցությունը Գորիսի քույր քաղաքների հետ, նաեւ ստեղծել նոր կապեր միջազգային կազմակերպությունների, արտերկրի քաղաքների հետ: Նորաստեղծ խորհրդի համակարգող Սվետլանա Խաչատրյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քաղաքապետարանն անցած տարի պասիվ է աշխատել արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ: Հատկապես համագործակցությունը թույլ է եղել Բելառուսի Նեսվիժ շրջանի հետ, մինչդեռ կա երկկողմանի համագործակցության հուշագիր:
Ոլորտում առկա են նաեւ ձեռքբերումներ: Վիեննի եւ Գորիսի քաղաքապետարանների, «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ուժերով անցած տարի վերականգնվել է Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս տարի կիրականացվեն ներքին կառուցապատման աշխատանքներ, իսկ 2013թ-ին ` արտաքին կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներ: Խորհուրդն այժմ զբաղված է Լեհաստանի Էլբլոնգ քաղաքի հետ համագործակցության զարգացման համար ծրագրերի մշակմամբ: Նախապատրաստական աշխատանքներ է իրականցնում նաեւ օգոստոս-սեպտեմբերին մեծ շուքով նշելու Գորիս-Վիենն քույր քաղաքների համագործակցության 20-ամյակը, որի շրջանակներում ի թիվս բազմաթիվ միջոցառումների, նախատեսված է 25 հոգանոց ֆրանսիական պատվիրակության այցը Գորիս: Իսկ մինչ այդ` մարտի 15-ից քաղաքում կմեկնարկեն ֆրանկոֆոնիայի օրերը, որին 2009-ից սկսած ակտիվ մասնակցում է Գորիսը: Քաղաքապետարանի արտաքին կապերի խորհրդի ուշադրության կենտրոնում է նաեւ «Կազա» հիմնադրամի հետ համատեղ իրականցվող զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում Գեղարքունիք-Գորիս եռալեզու բրոշյուրի նախնական տարբերակի քննարկման աշխատանքները, համապատասխան ինտերնետային կայքի ստեղծումը, էքսկուրսավարների վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքները: