1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ պարգեւատրվել է «Վարպետ»-ի ոսկե կրծքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները սիրված երգչին անակնկալ պարգեւն ու վարպետ Ավ. Իսահակյանի դիմանկարով մեդալը հանձնել են Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում ծրագրված համերգի սկզբում: Երգիչը նշել է, որ 70 տարիների լավագույն պարգեւներից մեկն է` ճանաչվել վարպետ վարպետների քաղաքում:
Գյումրու դրամատիկական թատրոնում կայացած համերգը գյումրեցիների համար սիրված երգչի հին ու նոր կատարումներն ունկնդրելու եւս մեկ բացառիկ հնարավորությունն էր: Շատերը համերգի ընթացքում իրենք էին փորձում միանալ սիրված երգչի անկրկնելի երգեցողությանը: Ծննդյան 70 ամյակին նվիրված համերգը, երգչի հավաստմամբ` զուտ համերգ չէ, այլ անցած տարիներին կատարած աշխատանքի զեկույց: