Համաշխարհային բանկը կաջակցի Հայաստանի անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը Հայաստանին 11 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ III» ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Նրա խոսքով` լրացուցիչ ֆինանսավորմամբ հավելյալ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարության` անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելվամանն ուղղված ջանքերին:
Ծրագիրը կենտրոնանում է «ենթակառուցվածքների բացերի»` Հայաստանում միջնակարգ եւ հատուկ դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճների եւ խաղահրապարակների, առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկների, խմելու ջրի խողովակաշարերի եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման եւ վերականգնման միջոցով:
Այս առումով իրավիճակը հատկապես լուրջ է Հայաստանի գյուղական վայրերում, առավել եւս` հեռավոր եւ մեկուսացված համայնքներում, եւ երկրաշարժի գոտում»,- ասաց Հապին: Նրա խոսքով` լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարեկարգմանն ուղղված շուրջ 50 միկրոծրագրերի իրականացմանը: Առաջարկվող ծրագրի շրջանակում շուրջ 20 դպրոց ու մանկապարտեզ, 5 համայնքային կենտրոն կապահովվի կահույքով: