1970-1980 թթ-ին Թուրքիան քրդերի կոտորած է իրագործել. քուրդ գործիչ

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ քաղաքական գործիչ Իբրահիմ Գյուջլուն հայտարարել է, որ 1970-1980 թթ-ին քրդերի դեմ թուրքական պետության գործողությունները ոչ թե «չբացահայտված հանցագործություններ են», այլ քրդերի կոտորած:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական TRT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Գյուջլուն ասել է, որ Դիարբեքիրում եւ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում անցկացվող պեղումների ժամանակ հայտնաբերվող մարդկային գանգերն ու ոսկորները այն բանի ապացույցն են, որ այդ տարիներին մարդիկ ոչ թե անհայտ կորել են, այլ պետությունն, առանց դատ ու դատաստանի, սպանել եւ կորցրել է նրանց հետքերը: «Այն ժամանակ տեղի ունեցածը ոչ թե մարդկանց անհայտ կորչելու դեպքեր են, այլ իսկական կոտորած», -ասել է քուրդ քաղաքական գործիչը:

Նշենք, որ թուրքաբնակ քրդերն ազատագրական գործողությունները սկսել են հենց այդ տարիներին, թուրքական պետություն էլ, ինչպես այսօր, այն ժամանակ եւս քրդական հարցը փորձում էր լուծել քրդերին կոտորելու միջոցով:

Հայերեն English