Բնակարանի ձեռքբերման պայմանագիր է կնքվել Առափիի տասը ընտանիքների հետ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերին առաջնահերթ խնդիրների լուծման համար երկրորդ փուլով հատկացված գումարի շրջանակում գումար էր հատկացվել նաեւ Առափիի սողանքային գոտու բնակիչների համար: Այս ծրագրի շրջանակում սողոնքային գոտում գտնվող 11 ընտանիքների, որոնց բնակելի տները սողանքի հետեւանքով դարձել են չորրորդ աստիճանի վթարայնության, ցուցաբերվելու է պետական անհատույց ֆինանսական աջակցություն՝ բնակելի տուն ձեռք բերելու համար: Կառավարության կողմից դրա համար հատկացված է 44 լն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ՝ 44 լն դրամ գումարը բաժանվելու է 11 ընտանիքներին՝ ըստ անձերի քանակի եւ սենյակների թվի:
«Նրանցից 10-ի հետ մարզպետարանն արդեն կապել է պայմանագիր, իսկ մեկ ընտանիք, որը նախապես հրաժարվել էր աջակցությունից, նորից դիմել է մարզպետին՝ աջակցությունից օգտվելու խնդրանքով: Պայմանագիր կնքած ընտանիքները պարտավոր են վեց ամիսների ընթացքում գտնել եւ ձեւակերպել բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերը: Վերջիններս հնարավորություն ունեն բնակարան ձեռք բերել Հայաստանի ցանկացած մասում»,-նշեց Հարությունյանը: