1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ եւ իմ ընտանիքի հոգու պարտքն է օգնել Հայաստանի գրողների միությանը, ձեռք բերել Թբիլիսիում գտնվող Ամենայն հայոց բանաստեղծի տունը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Երբ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Գյումրիում էր, տեղեկացանք, որ դեռ չի լուծվել Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի ձեռքբերման հարցը, եւ ես ցանկություն հայտնեցի Ղուկասյան եղբայրների կողմից տրամադրել պահանջվող գումարը: Իմ պարտականությունն եմ համարում գնել այդ բնակարանը: Մենք ունենք պայմանավորվածություն, որ գնման գործընթացի հարցերով զբաղվելու է ՀԳՄ-ն: Բնակարանի գնումը կլինի որպես նվիրատվություն»,-նշեց քաղաքապետը:
Նա կտեղեկացվի պահանջվող գումարի մասին եւ հետագա քայլերը կարվեն որպես նվիրատվություն: «Բնակարանի հետագա ճակատագիրը կորոշի մեր ղեկավարությունը, մեր ժողովուրդը: Փաստն այն է, որ մենք ձեռք ենք բերելու մեծ բանաստեղծի բնակարանը: Դա մեզ համար սուրբ գործ է»,-ասաց Վարդան Ղուկասյանը:
Հարակից նորություն
Գյումրու քաղաքապետը պատրաստ է գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանը