Ֆրանսիայի սոցիալիստները և կոմունիստները կողմ են քվեարկելու Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի սոցիալիստները և կոմունիստները կողմ կքվեարկեն հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, այս մասին հունվարի 11-ին հայտարարել են այդ երկու կուսակցությունների գործադիր կոմիտեների ղեկավարներ Ֆրանսուա Ռեբսամենը և Նիկոլ Բորվո Կոհեն-Սիթը:

«Սոցիալիստների մեծ մասը կողմ է քվեարկելու օրինագծին, սակայն կուսակցության այն անդամները, ովքեր չեն ցանկանա կողմ քվեարկել ազատ կլինեն իրենց ընտրության մեջ»,- հայտարարել է Ռեբսամենը: Նա նաև ընդգծել է, որ օրինագիծը չի վերաբերում հիշողությանը, այլ առնչվում է ներկա իրականությանը, իսկ մասնավորապես հայերի համար այն արդարության փաստաթուղթ է:

«Մեր կուսակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին, և դա անելու ենք մեկ մարդու նման»,- հայտարարել է կոմունիստների առաջնորդ Նիկոլ Բորվո Կոհեն-Սիթը:

Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը կդրվի Սենատի քվեարկությանը հունվարի 23-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հայերեն English Русский