Ամանորյա տոնական արկղեր կստանան 654 շիրակցիներ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի նախաձեռնությամբ, տոնական արկղեր կստանան 654 ընտանիքներ: Նրանք սոցիական այն խմբերի ընտանիքներից են, որոնք, ըստ մարզպետի, առավել շատ են զգում ուշադրության կարիք: Այդ խմբերի մեջ են մտնում ԼՂՀ-ում 1991-1994 թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, 1994 թ. մայիսից մինչեւ 2010 թ. զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքները, ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում առաջին խմբի հաշմանդամները եւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամդամներն ու վետերանները:
Մարզպետարնում ձեւավորված 24 աշխատանքային խմբերը երեք օրերի ընթացքում այս բոլոր ընտանքիներին իրենց բնակարաններում կհատկացնեն տոնական արկղերը, որոնց մեջ կա օղի,կոնյակ, գարեջուր, ալյուր, շաքարավազ, կոնֆետներ եւ շնորհավորական բացիկ:
Բացի այս անակնկալից, մարզպետի հրամանով մարզի սոցիալական աջակցության ֆոնդից Արցախյան հերոսամարտում զոհվածների եւ զինվորական ծառայության ընթացքում զոհվածների ընտանիքները կստանան 10 հազարական դրամ գումար՝ ընդհանուր 413 ընտանիք: 215 բազմանդամ ընտանիքներ՝ 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող, նույն ֆոնդից կստանան 20 հազար դրամ սոցիալական աջակցություն: