1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերից ընթացիկ տարում օգտվել է 1252 քաղաքացի: ՀՀ կառավարության որոշմամբ' 2011 թվականի գարնանը 200 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը' գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով: Գումարի չափը, սակայն, տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է' մեծ պահանջարկ ունենալու պատճառով:
Գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, որը գյուղացուն ազատում է արտարժույթի տատանման ռիսկերից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի' Գեղարքունիքի թղթակիցը, վարկ տրամադրող բանկերից ստացված տեղեկատվության համաձայն' տրամադրված վարկերի ընդհանուր արժեքը կազմել է 934 միլիոն 600 հազար դրամ:
Տնտեսվարողները սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերն օգտագործել են անասնագլխաքանակի ավելացման, վարուցանքի, գյուղտեխնիկայի գնման, տեխնիկաների վերանորոգման եւ սերմացուների գնման նպատակներով: Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերից օգտվել են Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Սեւանի եւ Գավառի տարածաշրջանների գրեթե բոլոր համայնքները: