Գեղարքունիքի տուրիստական ուղեցույցը կհրատարակվի
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դեկտեմբերի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներին: Ֆրանսիական պատվիրակությունը ներկայացնում էին ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական ընկերության տուրիստական ծրագրերի օպերատորներ Մարտին Շալինյեն եւ Սեբաստիան Ֆավրեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակիցը, պատվիրակության` Հայաստան այցի հիմնական նպատակը Գեղարքունիքի մարզի տուրիստական ուղեցույցի վերջնական տարբերակի քննարկումն էր:
Տուրիստական օպերատորները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին Գեղարքունիքի մարզը եւ Գորիս քաղաքը պատկերող ուղեցույցի վերջնական տարբերակը` քննարկելով բացթողումներն ու լրացուցիչ առաջարկները: Ուղեցույցը հագեցած է մարզի տեսարժան վայրերը պատկերող լուսանկարներով, տեղեկություններով, հյուրընկալ կառույցների եւ իջեւանատների մասին տվյալներով: Պատվիրակները Գեղարքունիքի մարզպետին հայտնեցին, որ նախատեսվում է 2011 թվականի ավարտին եւ գալիք տարվա սկզբին հրատարակել տուրիստական ուղեցույցները հայերեն, անգլերեն, ֆրանսերեն տարբերակներով:
Մարտին Շալինյեն հայտնեց նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք միջազգային տուրիստական ընկերությունների հետ` Հայաստանը որպես տուրիզմի գոտի առաջարկելու եւ տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: