Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Կապանի ավագանին կունենա կին թեկնածու
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում կանանց դերի բարձրացման, գործարարության, զբոսաշրջության եւ քաղաքականության ոլորտներում նրանց մասնակցության ակտիվացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ երկու տարի առաջ հիմնադրված «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն նախատեսել է եկող տարվա իրականացվելիք ծրագրերը, որոնցում հիմնական տեղ են զբաղեցնում կանանց ներգրավվածության ավելացման նախագծերը:
Կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը գալիք ՏԻՄ ընտրություններին իրենց շարքերից կին թեկնածու ունենալն է ու ընտրություններին նրան սատարելը: Ի դեպ, ՏԻՄ-երի պատմության ընթացքում Կապան համայնքն ունեցել է ավագանու միայն մեկ կին անդամ: Իսկ ներկայում ավագանու բոլոր 11 անդամները տղամարդիկ են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփելով երկու տարվա աշխատանքը` կազմակերպության նորընտիր նախագահ Քրիստինե Սաղաթելյանն իրենց գործունեության արդյունքում ամենակարեւոր ձեռքբերումը համարեց տարածաշրջանի 25 կանանց աշխատանքով ապահովելը: Անցած ժամանակահատվածում 895 շահառու ունեցող կազմակերպության իրականացրած ծրագրերի նպատակը եղել է կանանց իրազեկման մակարդակի բարձրացումը, աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը, կանանց հմտությունների զարգացումը ձեռագործի ոլորտում եւ օժանդակումը նոր սպառման շուկա գտնելու գործում: Անցած ժամանակահատվածում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոսների հետ կազմակերպության փոխշահավետ համագործակցության արդյունքում վաճառվել են կանանց ձեռքի 115 աշխատանքներ: Կենտրոնը համագործակցում է մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, տարածաշրջանի կրթական հաստատությունների, Մեղրու եւ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնների հետ: