ՎԱՆԱՁՈՐ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին ընդունեց օրերս Բրազիլիայում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում մինչև 18 տարեկանների խմբում աշխարհի չեմպիոն վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին, նրա մարզիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լոռիից, մարզպետը շնորհավորեց պատանի շախմատիստին, ով իր վերջին հնարավորությունն օգտագործեց բաղձալի տիտղոսին հասնելու համար (Ս. Տեր-Սահակյանն այլեւս կարող է մասնակցել միայն մեծահասակների առաջնություններին), մաղթեց նրան նորանոր հաջողություններ:
«Ուրախ եմ, որ ունենք նման մարզիկ, ով թե՛ Լոռու մարզի, թե՛ Հայաստանի պատիվը բարձր է պահում ամբողջ աշխարհում», - ասաց Նալբանդյանը` նշելով, որ այսուհետ եւս հպարտությամբ հետեւելու է նրա յուրաքանչյուր պարտիային: Մարզպետը Լոռու մարզպետարանի կողմից դրամական պարգեւ հանձնեց շախմատիստին, հավաստիացրեց, որ պատրաստ է ցանկացած հարցում սատարել նրան, որպեսզի շախմատիստն այսուհետ եւս հպարտության պահեր պարգեւի լոռեցիներին, Հայաստանին:
Սամվել Տեր-Սահակյանը`աշխարհում ամենաերիտասարդ հայ գրոսմայստերը, միակն է Վանաձորի շախմատային պատմության ընթացքում:
Ինչպես նշում է նրա մարզիչներից Արշակ Ռամազյանը, մինչ այս վանաձորցի ոչ մի շախմատիստ անգամ մոտ չի եղել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում անգամ մրցանակային տեղ զբաղեցնելուն: Իսկ Սամվել Տեր-Սահակյանը մշտապես պայքարել է բարձր տեղերի համար, անցյալ առաջնությունում էլ 9 հնարավորից 8,5 միավոր բարձր ցուցանիշով գրավել է երկրորդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով միայն զիջելով:
Ինչպես «Արմենպրես»-ի` Լոռու թղթակցին հայտնեց Տեր-Սահակյանը, նա բավականին լավ էր պատրաստվել առաջնությանը` գիտակցելով, որ պատանիների աշխարհի առաջնությունում սա իր վերջին հնարավորությունն է. «Մեկնարկը լավ ստացվեց`6 անընդմեջ հաղթանակ: Դրանից հետո մնում էր միայն պահել դիրքերը: Իհարկե, հույս ունեի, որ լավ հանդես կգամ, սակայն նման արդյունք չէի սպասում», - ասաց նա` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է լավ հանդես գալ ՀՀ առաջնությունում, հնարավորության դեպքում նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ մեծահասակների հավաքականում ընդգրկվելու համար: