Շիրակի մարզում 110 վթարային շենք կա
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կա ավելի քան 110 վթարային բնակելի շենք, որից Գյումրիում' երրորդ աստիճանի 88 վթարային բնակելի շենք' 1920 բնակարանով: Դրանք հիմնականում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած շինություններն են:
Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, անցած տարիներին վթարային շենքերի ամրացումներ իրականացվել են թե՛ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի, թե՛ պետական բյուջեի, եւ թե՛ «Լինս»-ի ծրագրի միջոցներով, սակայն 2004 թվականից հետո վթարային շենքերի ամրացման եւ վերականգնման համար գումարներ չեն հատկացվել:
«Քանի որ Հայաստանի ողջ տարածքում կա նմանատիպ խնդիր' սահմանամերձ գոտիներում՝ ռմբակոծման հետեւանքով, սողանքային գոտիներում, ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռությամբ' մշակվում է նոր հայեցակարգ՝ վթարային շենքերի ամրացման, վերականգնման վերաբերյալ: Այն համապետական ծրագիր կլինի, եւ այդ շարքում կլուծվի նաեւ Շիրակի մարզի վթարային կառույցների խնդիրը»,-նշեց Մարգարյանը: