Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը, երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկային եւ ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Սարգսյանն ու Սաակաշվիլին գոհունակությամբ արձանագրել են նաեւ միջկառավարական մակարդակում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման փաստը: Առանձնազրույցից հետո Միխայիլ Սաակաշվիլին ՀՀ Նախագահին ծանոթացրել է առաջիկայում կառուցվելիք մի քանի շինությունների մակետներին, այդ թվում' Քութաիսիում կառուցվելիք վրացական խորհրդարանի շենքի:
Այնուհետեւ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր:
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների համագործակցության համաձայնագիր, իսկ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը' համաձայնագիր սահմանային համագործակցության մասին: Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միջեւ: